Ինչու՞ է Լեոնարդո Դա Վինչին ճամփորդել Հայաստան. փաստերը “Արարատից Եվրոպա” ֆիլմում
Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Հալլե քաղաքում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի “Արարատից Եվրոպա” վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է “Հայկ” կինոստուդիայի կողմից Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և այլուր: Ցուցադրությանը ներկա էին տեղի հայ համայնքի անդամները, գերմանացիներ, Հալլեի քաղաքային խորհրդի անդամ, Բուդեսթագի պատգամավորի թեկնածու պարոն Կարամբա Դիաբին, հյուրեր:
Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգևորականներ, և թե ինչպես է հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետությունն ազդել եվրոպական եկեղեցաշինության վրա: Հիմնականում խոսվում է կենտրոնագմբեթ եկեղեցիների մասին, որոնք ըստ եվրոպացի գիտնականների` ստեղծել են հայերը, ինչն էլ հետագայում տարածվել է աշխարհով մեկ: Պատմական փաստերը հաստատում են արտերկրի գիտնականներն ու հոգևորականները:
Այս ֆիլմում առանձնահատուկ կերպով հիշատակվում է Վերածննդի հսկաներից մեկի՝ Լեոնարդո Դա Վինչիի Հայաստան կատարած այցի մասին, նրա նամակները Հայաստանի մասին, որոնք հեղինակը բնորոշում է որպես “Հայկական նամակներ”:
“Արարատից Եվրոպան” ցուցադրվել է նաև Բելգիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, Շվեցարիայում, Ֆրանսիայում: Ցուցադրությունները կազմակերպվում են և՛ տեղի հայերի, և՛ օտարերկրացիների համար: Ֆիլմը թարգմանվել է մի քանի լեզուներով:
“Ես գիտեի ֆիլմի մասին, չէի տեսել, շնորհակալություն, որ վայելեցինք, հիացած եմ, մեծ աշխատանք է արվել, շատ դժվար է այդքան ճամփորդել, նկարել, հսկայական ծախսեր, և ցավալի է, որ պետության կողմից նմանատիպ գործերի համար աջակցությունը շատ քիչ է”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց է Հալլեի հայկական համայնքի ատենապետ Հարություն Մանուկյանը:
Իսկ ֆիլմի հեղինակն արդեն աշխատում է նոր սցենարի վրա, որը նախնական տարբերակով “Նախնյաց մոռացված հայրենիք” է կոչվում:
«Ներկայացվելու է Հայաստանը մարդու արարումից սկսած, ժայռպատկերներից, շումերական գրականության ուսումնասիրություններից, թե ինչպես է ներկայացվում Հայաստանը ու մինչև բավարների, բասկերի, բրիտների հայկական ծագման տարբերակի ուսումնասիրություններ: Աշխատանքն ընթացքի մեջ է, այժմ Գերմանիայում փնտրում եմ շումերագետի”,-պատմեց Արսեն Հակոբյանը: