Ինչ է նշանակում Լավրովի ՛՛ստատուս քվոն՛՛
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Լավրով-Մամեդյարով հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններին եւ թե արդյոք դրանք կազդեն Սարգսյան-Ալիեւ առաջիկայում կայանալիք հանդիպման վրա:
“Պարզ է, որ առաջին հարցը, որ այդ հանդիպման ժամանակ հետաքրքեց լրագրողներին, ոչ թե ԼՂ խնդրի կարգավորումն էր, այլ այն հայտնի միավորները, որոնք պետք է ստանար Ռուսաստանը: Ինչպես տեսնում ենք, երաժշտությունն է նույնիսկ հիմա քաղաքականացվել, հնարավոր է նաեւ քաղաքականությունը երաժշտականացնել”,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով խնդիրներին` Մարգարովը նշեց, որ մի փոքր զարմանալի է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, որը նրա խոսքով` ոչ թե փոփոխվել է, այլ ավելի ռեալ եւ կառուցողական է դարձել, այն է` հակառակ կողմի` բանակցային սեղանին վերադառնալու եւ նոր առաջարկներ քննարկելու պատրաստակամությունը:
Քաղաքագետի դիտարկմամբ`հետաքրքրություն է առաջացնում նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած արտահայտությունը` կապված “ստատուս քվոյի” թույլտվության հետ: “Եթե մենք “ստատուս քվոյին” մոտենանք այն տեսնակյունից, որ ներկա “դե ֆակտո” անկախության պայմաններում, մենք գործ ունենք ԼՂ մի սերնդի հետ, որը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, ինչպես նաեւ չի պատկերացնում իրեն Ադրբեջանի կազմում, դա, բնականաբար, դրական կողմ է:
Եթե որպես “դե ֆակտո” կարգավիճակ ընդունենք այն իրականությունը, որ ԼՂ պետականությունը կայացած փաստ է, դա եւս դրական տարր է, որը շեշտադրվում է “ստատուս քվոյի” պարագայում: “Ստատուս քվոյի” եւս մեկ դրական կողմն այն է, որ Ադրբեջանում եւս ձեւավորվում է մի սերունդ, որը ԼՂ–ն չի տեսել իրենց կազմում եւ չի էլ պատկերացնում, որը չի էլ եղել իրականում”,-ընդգծեց բանախոսը: Սակայն, ինչպես նկատեց քաղաքագետը, “ստատուս քվոն” “դե ֆակտո” վիճակից պետք է ստանա նաեւ “դե յուրե” ամրապնդումը, առանց որի այն անընդունելի է համարվում:
Ալեքսանդր Մարգարովն անդրադարձավ Լավրովի եւս մեկ հայտարարությանը` կարգավորման գործընթացի` ներքին քաղաքական գրաֆիկներին համահունչ լինելու մասին: Խոսքը համապատասխան երկրներում տեղի ունեցող ընտրությունների մասին է: ՀՀ-ում ընտրական ցիկլն ավարտվեց, նախագահական ընտրություններ են սպասվում Ադրբեջանում, որից հետո, ըստ նրա, կարելի է որոշակի ակտիվացում ակնկալել բանակցային գործընթացում:
“Չնայած դրան մենք ականատես ենք լինում տարբեր հանդիպումների` Մամեդյարով-Նալբանդյան ձեւաչափով, համանախագահներ-արտգործնախարարներ ձեւաչափով, այն ձեւաչափը, որը նախապատրաստում է 2 նախագահների պոտենցիալ հանդիպումը”,-նշեց քաղաքագետը` շեշտելով, որ այժմ դժվար է ասել` այդ հանդիպումը որեւէ արդյունք կունենա` փաստաթղթի տեսքով, թե դա ավելի շատ իրավիճակից դուրս գալու հնարավորություններից մեկն է, սակայն համոզմունք հայտնեց, որ բանակցային գործընթացն սկսում է վերականգնվել, եւ կողմերն էլ հավանաբար ունեն ինչ-որ նոր բան ասելու: