15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

« Քրիստոսը կողքովս անցավ և ինձ նայեց … »

Ես` Պետրոսս, ծնվել եմ Գալիլիայի գեղեցիկ ծովի հյուսիսային ափին: Հայրս ձկնորս էր, հետևաբար ձկնորսների մեջ մեծացա: Նրանք կոշտացած ձեռքերով մարդիկ էին, ընկերության մեջ` անտաշ, սակայն զգայուն և փափուկ սիրտ ունեին, խորապես կրոնասեր մարդիկ էին, երբեմն էլ` անպարկեշտ ու գռեհիկ:

Երբ երեխա էի, հովիվներից լսեցի տարօրինակ մի պատմություն, որ պատահել էր Բեթղեհեմում: Նրանք մի գիշեր սարսափել էին Երկնքի փառքից. ասում էին, որ վստահություն ներշնչող մի հրեշտակ նրանց առաջնորդել էր մսուրի մեջ պառկած մի նորածին մանկան մոտ: Նրանց զարմացրել էր հրեշտակի ազդարարությունը` Երեխան խոստացված Փրկիչն էր:

Հստակորեն հիշում եմ շատ դեպքեր իմ կյանքից ` կապված Քրիստոսի հետ … Դուք, որ անխղճորեն քննադատում եք ինձ, ասացե’ք, երբ ձեզ նշանակում են որևէ գործի, երբեմն ոչ հաճելի, մի՞շտ եք կատարում այն: Գիտեմ, սպասում եք, որ պատմեմ Նրա դատապարտման երեկոյան իմ կատարած մեծագույն մեղքի մասին: Նախ ասեմ, թե ինչու ընկա: Դուք ասում եք, թե մարդն ավելի իմաստուն է, երբ ճանաչում է իր սեփական ուժը: Բայց ես կասեմ, որ մարդն ավելի իմաստուն է, երբ գիտի իր տկարությունը: Իմանալով զորությունդ` կարող ես մեծ նպատակների հասնել, սակայն ճանաչելով տկարութունդ` կարող ես կանխել մեծ ողբերգությունը: Ես չգիտեի իմ անձնական տկարությունները …

Իմ մեծագույն տկարությունը չափազանց ինքնավստահությունն էր: Ես շատ վստահ էի ինքս Ինձ վրա: Իմ խաբուսիկ հպարտությունը, փաստորեն, ակներև էր յուաքանչյուր օր, որ Քրիստոսի և առաքյալների հետ էի: Ավետարանի էջերում այս ամենը գրված է:

Օրինակ, երբ գիշերը քայլեցինք դեպի Գեթսեմանի, պահը տարաժամ էր ու աղետաբեր, և մենք լքեցինք Նրան: Անշուշտ, բոլորս էլ չընդունեցինք մեր արարքը, իսկ ես պնդում էի, թե գոնե իմ պատարագին նման ուրացում հնարավոր չէր: Չէի վստահում մյուսներին, նույնիսկ եղբորս` Անդրեասին: Միայն մեկ անձի վրա վստահություն ունեի. ինքս ինձ էի միայն վստահում: Կարող էի դեմ կանգնել ցանկացած փոթորկի: Կարող էի Տիրոջս հետ լինել, եթե Նա նույնիսկ մահ նշանակեր: Մի’ կարծեք, թե տվածս թեթև խոստում էր. ինչ որ ասում էի, սրտիցս էր գալիս: 35 տարի հետո, երբ գրում էի, այդ մասին մտածելով էր , որ ասացի. «Դուք էլ երիտասարդնե’ր, հնազանդ եղեք ծերերին: Բոլորդ էլ իրար հանդեպ վերաբերմունքի մեջ խոնարհությամբ զգեստավորվեք, որովհետև Աստված հակառակ է ամբարտավաններին և շնորհք է տալիս խոնարհներին»: (Ա Պետ. 5.5)

Դուք` 20-րդ դարի մարդիկդ, ձեր ինքնավստահությունը հիմնում եք նյութի վրա: Գովերգում եք այն մարդուն, որը կարողանում է միայնակ դիմագրավել ցանկացած իրավիճակի կամ որևէ բան չի ուզում ձեզանից: Ինքնազարգացման գրքերը ձեզ թելադրում են` «Ինքդ քեզ հավատավ»: Դա լավ է և քաջալերական, երբ հավատում ես, որ դու ոչինչ ես առանձին և կախյալ ես Աստծուց:

Ոչ ոք ինքն իրեն այնքան լավ չի կարող ճանաչել, որ վստահ լինի, թե ինչ կանի տագնապի պահին: Դուք բոլորդ էլ կատարել եք արարքներ, որ կարծում էիք, թե երբեք չեք կատարելու: Եթե կարողանամ ձեզ ասել ձեր կատարելիք մեղքերն այս կյանքը թողնելուց առաջ, անկասկած, ինձ պիտի ատեք: Ձեր ղեկավարները ձեզ տալիս են ակնհայտ մի խրատ. «Ընդունե’ք, որ պարտությունը հնարավոր է, բայց որոշե’ք` ո’չ այս անգամ»: Նույն սկզբունքը պետք է լինի քրիստոնեական կյանքում. «Համաձայն եմ, որ բավական տկար եմ որևէ փորձության զոհ լինելու, բայց որոշել եմ, որ Աստծո շնորհիվ այս անգամ դա չի պատահի»:

Ես վստահ էի, որ անկում չէի ունենա: Բայց պատահեց: Իմ ամբարտավան բնությունն ինձ տարավ քահանայապետի պալատի բակը: Այդտեղ էր, որ ուրացա Քրիստոսին: Այդ արարքը թվում էր իմաստուն ձև ` խուսափելու համար անօգուտ վտանգից: Չգիտեի, որ եթե պատահաբար սպանում ես ճշմարտությունը, կանխամտածված ոճիր ես գործում: Փորձությունը վերադարձավ: Այս անգամ հարցում չէր, այլ հաստատական արարք` ուղղված ինձ շրջապատողներին.

«Այս մարդը Նազովրեցի Հիսուսի հետ էր»: (Մարկ. 14.67) Պարզապես ստելն անիմաստ կլիներ, ուստի երդումով ուրացա: Նույնիսկ սա նրանց չհամոզեց: Երրորդ անգամ ամբաստանվեցի իբրև Քրիստոսի հետևորդ, և այս անգամ ` փաստացիորեն: Իմ գալիլիացու բարբառն ինձ մատնեց: Վճռականորեն և ուժգին հակաճառեցի և ուրացա, սոսկալի երդում և անեծք տվեցի, որ մի ժամանակ սովորել էի ծովում: 2 տարվա ընթացքում դրանք չէի մոռացել: Մեղքի հին սովորությունները հանկարծակի ու անսպասելիորեն հետ գալու վշտալի ճամփաներ ունեն: Դրանք ոչ միայն պետք է թաղել, այլև դրանց գերեզմանի վրա պետք է պահակ մնալ մինչև վերջ:

Ես միշտ կհիշեմ իմ ամոթալի ուրացումը: Դուք երբեք Նրան չուրացաք, ձեր շրթունքները երբեք չարտասանեցին այդ սոսկալի բառերը. «Ես Քրիստոսին չեմ ճանաչում»: (Մատթ. 26.74, Մարկ. 14.71, Ղուկ. 22.57) Բայց ինչ աներեսությամբ եք ուրանում Նրան ձեր կյանքի ընթացքով: Մարդիկ կարող են ձեր կյանքի ընթացքով ձեզ ճանաչել որպես Քրիստոսի հետևորդներ կամ, նայելով ձեր կյանքին, կարող են գուշակել, որ դուք քրիստոնյաներ եք:

Իսկ եթե Նրան ուրացել եք, գտնվել եք այն հոգեկան վիճակի մեջ, որում ես էի այդ գիշեր: Քրիստոս կողքովս անցավ և ինձ նայեց: Այդ հայացքը բացեց սրտիս դռները և թողեց, որ արցունքի հեղեղը դուրս հորդի: Բնավ ամոթ չզգացի լացիս համար …

Դուք` 20-րդ դարի մարդիկդ, շատ քիչ եք լալիս մեղքի համար: Լաց եք լինում, շարժանկարների սրահներում կամ երբ վեպ եք կարդում, և կամ լալիս եք մեղքի բերած հետևանքների համար… չեմ ուզում ձեզ քաջալերել, որ ազդվեք ու տարվեք կրոնական զգացումով: Աստված էլ դա չի կամենում: Սակայն Աստված ցանկանում է, որ ճանաչեք դատապարտյալի տարբերությունը. Նա ցանկանում է, որ Իր ողորմության մեջ լինեք, որի մեջ եք արդեն իսկ, կամա, թե ակամա: Երբ Նրան հստակ հասկանաք, ձեր աչքերն էլ կխոստովանեն …

Հիշե՛ք ինձ` Պետրոսին, ոչ թե այն մարդուն, որ վախենում է սպասուհուց, և ոչ էլ նրան, որ ուրացավ Քրիստոսին. «Նույնիսկ այդ մարդուն չեմ ճանաչում», այլ այն մեկին, որ հանդարտորեն սևեռեց իր աչքերը մարտիրոսական մահվան ու վստահորեն ասաց. «Որովհետև մենք չենք կարող չխոսել այն մասին, ինչ որ տեսանք ու լսեցինք»:

Վազգեն արքեպիսկոպոս Քեշիշյան, «Ճանապարհ դարձի»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ