26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դու լինես անկախ, իսկ մենք՝ քո կախյալը

Պաթոսը խանգարում է անկախություն երևույթի ճիշտ ընկալմանը: Ճիշտ ընկալմանը խանգարում է նաև այն համոզմունքը, թե անկախ երկիրը միայն լավը պիտի լինի, իսկ եթե այն դեռ անկատար է, ուրեմն անկախությունը նույնպես լիարժեք չէ: Բայց դա հին մոլորություն է: Անկախությունը հնարավորություն է, այլ ոչ թե երաշխիք:
Անկախությունը հաց չէ, այլ արձակ մի դաշտ, որտեղ կարող ես քո ցորենը ցանել՝ վաղվա հունձի ակնկալիքով: Անկախությունը տուն չէ, այլ քարն է, որով կարող ես տանդ պատերը կանգնեցնել: Անկախությունը մարմին չէ, այլ շնչառություն է, գիրը չէ, այլ թանաք, արյունը չէ, այլ երակ: Եվ ամսաթիվ ու տարեդարձ էլ չէ, այլ էջ է, որի վրա կենսագրություն պիտի շարադրվի: Թե ինչ կգրվի այնտեղ, թուղթը չի կարող իմանալ: Կիմանա գրողը:

Մեր անկախության նախաբանը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ես մի փոքր այլ կերպ եմ հիշում, որովհետև այդ օրը եղբորս հարսանիքն էր: Գնացել էինք Խոր Վիրապ, իսկ արարողությունից հետո մեքենաների շարասյունը շարժվեց դեպի ընտրական տեղամաս: Նորապսակներին այստեղ դիմավորեցին ծաղիկներով ու ծափերով: Բոլորի պես նրանք էլ բաց քվեարկեցին, քանի որ այդ օրը ոչ ոք ոչ մեկից թաքցնելու ոչինչ չուներ, ու ստացվեց այնպես, որ ինձ համար անկախության առավոտի հիշողությունը նախ դարձավ եղբորս պսակը, իսկ հետո նրա ընտանիքը, որտեղ հիմա երկու զավակներ կան, որտեղ կյանքն ամեն վայրկյան փոփոխվում է՝ մնալով հոգսերի և ուրախությունների, տագնապների ու սպասումների մեջ: Ճիշտ այնպես, ինչպիսին մեր երկրն է: Ճիշտ մեր անկախության պես, որովհետև անկախության հետ ապրողներս վաղ թե ուշ նմանվում ենք նրան: Անկախությունն էլ մեզ է նմանվում: Եվ այդպես լրացնում ենք իրար: Դրա համար էլ մենք արտացոլանքն ենք մեր անկախության, ինչպես որ զավակներն են նման լինում իրենց ծնողներին:

Ես ինչպե՞ս չափեմ անկախության տարիքը: Հաշվարկը սկսեմ հռչակելու պահի՞ց, թե՞ գնամ-թաղվեմ հեռավոր ժամանակների մեջ, որտեղ ծնվեց, բովանդակվեց ու մարմին առավ նրա սպասումների, ձգտումների, խոկումների ու համբերության արմատը:Հնդկաստանում չեմ եղել, բայց գիտեմ, որ ավելի քան երկու դար առաջ այնտեղ վախճանված հայրենասեր մի մարդու՝ Շահամիր Շահամիրյանի տապանաքարի վրա գրված են այս խոսքերը. «Ողջույն ընդ քեզ դամբարանիս տառն ընթերցող, տուր ինձ լուրն ազատութեան ազգին իմոյ, որ եմ տենչող…»:

Վստահ եմ, որ շատ-շատերն արդեն տարել են նրան այդ մեր ավետիսը: Բայց կուզեի ինքս էլ մի օր հայտնվել հեռավոր Մադրասում և նույնը կրկնել նրա համար: Նույնը, բայց իմ ձայնով: Որ մեր անկախությունը շատ ձայների մեջ լինի:

Վաղուց էր: Օդանավը ուշ գիշերին վայրէջք կատարեց Թբիլիսիում: Երբ իջա, ինձ նման 20-30 հայ երիտասարդներ, որոնք այստեղ էին հասել տարբեր քաղաքներից, խմբվել էին սպասասրահում ու մտածում էին, թե ինչ կարելի է անել: Երևան մեկնող ինքնաթիռը միայն հաջորդ օրը պիտի թռչեր: Բայց ոչ ոք այլև սպասել չէր ուզում: Չափազանց երկար էինք սպասել: Եվ որոշեցինք քաղաքում գտնել մի ավտոբուս ու բոլորս միասին հենց գիշերով ճանապարհ ընկնել տուն:
Խելահեղ որոշում էր, քանի որ Վրաստանի մայրաքաղաքում, այն էլ կեսգիշերից անց, մեզ չէին սպասում անհամար վարորդներ, որ պատրաստ լինեին առաջին իսկ առաջարկի դեպքում ուղղություն վերցնել դեպի Երևան: Մի քանի ժամ քայլեցինք քաղաքի դատարկ ու անծանոթ փողոցներում և պատկերացրեք, որ գտանք մեր որոնած ավտոբուսն իր վարորդով հանդերձ: Վրացին, ինչ խոսք, աստղաբաշխական գումար պահանջեց: Չսակարկեցինք: Դատարկեցինք մեր դրամապանակներն, ու լեփ-լեցուն մեքենան շարժվեց տեղից:

Բոլորս էլ անասելի հոգնած էինք, միանգամից քուն մտանք: Եվ ահա արթնանում ենք մեքենայի ցնցումից: Լույսն արդեն բացվել է: Ավտոբուսը կանգ է առել մի աղբյուրի մոտ, որտեղ մի քանի մրգավաճառներ իրենց արկղերն են շարել և առևտուր են անում: Առաջին պահին գլխի չընկանք, թե որտեղ ենք: Հետո լսում ենք՝ կանայք հայերեն են խոսում: Ուրեմն սահմանն անցե՞լ ենք, ուրեմն արդեն…

Հետո այն, ինչ կատարվեց, մոռանալն անհնար է: 20-30 կիսարթուն երիտասարդներ իրենց դուրս նետեցին դռնից, և սկսվեց խոլական մի իրարանցում: Աղմկում էին, գոռում, գրկախառնվում էին զարմանքից քար կտրած անծանոթ մարդկանց հետ, համբուրում են մրգերը, ծիծաղում ու արտասվում են միայն այն բանի համար, որ դա Հայաստանն էր…
Աղբյուրի ջուրը զուլալ էր ու սառնորակ: Բոլորս հերթով մոտեցանք, խմեցինք ծորակից և ապա անապական այդ ջրով մեր դեմքերից լվացինք անտերության փոշին…

Անբացատրելի բան է երկրի զգացողությունը: Անհասկանալի բան է: Անտրամաբանական բան է: Վերացարկման մեջ այն քոնն է մինչև վերջին բջիջը, բայց նյութական երկիրը մի՞թե քոնն է: Այն սարը, այն գետը, այս փողոցն ու տունը, այգին ու գործարանը, չէ՞ որ դրանք իմը չեն, բայց իմն է դրանց ամբողջությունը: Իմն են առավել, որքան իմը չեն:
Արարման օրից ի վեր, երբ դեռ անուն չունեիր, մինչև ժամանակներն այն, երբ նորից դառնում էիր սեփական մաշկիդ ներառյալը, հաշվարկված ձայների քանակի մեջ կամ ճանաչման վավերագրերում պիտի չգտնեիր պատճառների պատճառը: Ու պիտի փնտրեիր դրանցից դուրս, լուսանցքներում պիտի փնտրեիր, որովհետև մեծը չի զետեղվում փոքրում, անսահմանի սահմանը չկա, անպայմանը նախապայման չունի: Իսկ նա մշտական է: Անկախ ամեն բանից: Անկախ քո անկախ լինել-չլինելուց:

Որովհետև այն, ինչ կա անկախությունից անկախ, հենց դա էլ անկախության ամենակայուն ու վստահելի հիմքն է: Երկրի սերը: Մեր սերն առ քեզ, Երկիր: Ու այդ սերն էլ, Երկիր, մեզ կթելադրի անել ամեն բան, որ դու լինես անկախ, իսկ մենք՝ քո կախյալը:

Հովիկ Չարխչյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ