Պետք է տապալել գազի գնի վերջնական հայտարարումը

“Գների բարձրացումով մեծացվում են բյուջեի եկամուտները հարկատուների հաշվին: Դա ամենահեշտ ճանապարհն է եկամուտների ավելացման առումով: Եվ եթե խոսել եվրաինտեգրման մասին, Հայաստանի եւ Եվրոպայի ընդհանրությունը կայանում է միայն գների նույնության մեջ”,-նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Կանխենք գազի թանկացումը” քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Խոսելով նախաձեռնության մասին` նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ պետք է մինչեւ հունիսի 7-ը տապալել գազի գնի վերջնական հայտարարումը, քանի որ անհրաժեշտություն կա ուսումնասիրել հայտը, անցկացնել քննարկումներ օրենքի համաձայն”,-ասաց նա:
“ՀայՌուսգազարդի” նախկին աշխատակից Սիլվա Ադամյանն էլ հավելեց, որ վերջին շրջանում նվազեցրել են հսկիչների աշխատավարձերը, ինչը թույլ է տալիս կասկածով մոտենալ ընկերության խոստումներին, իսկ մյուս կողմից էլ ընկերության ծախսերը չեն կարող այդքան շատ լինել, քանի որ գազամատակարարման վիճակը շարունակում է մնալ վատ:
“Գազի գների նախորդ թանակցումից հետո գյուղացիները արդեն իսկ մտադիր էին հրաժարվել գազի սպառումից, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի այս թանկացումից հետո: Դա այն դեպքում, երբ մենք ունենք անտառների սակավություն”,-ասաց տիկին Ադամյանը: