”Զինվորի մայր” ՀԿ-ն հերքում է, որ Լյուքս Ստեփանյանի ծնողներին իրենք են դրդել դին տեղափոխել Երևան
”Զինվորի մայր” ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
”Մեր կազմակերպության 22-ամյա գործունեության ընթացքում՝ Արցախյան պատերազմի տարիներից մինչ օրս, մենք մշտապես գործել ենք ի շահ բանակում ծառայողների իրավունքների պաշտպանության և կարգուկանոնի հաստատման: Սակայն վերջին օրերին մամուլում և լրատվական տարբեր կայքերում տարածում է գտել իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող ”ինֆորմացիա”՝ իբրև թե Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորման հետաձգման ու նրա դին Երևան տեղափոխելու, բողոքի ակցիա կազմակերպելու հարցում ծնողներին դրդել է մեր կազմակերպության ներկայացուցիչը:
Ինքս մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ Ուկրաինայի Կիև քաղաքում ԱՊՀ իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային հանդիպմանը, ինչպես նաև Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականների հետ կազմակերպված քննարկմանը այլընտրանքային ծառայության վերաբերյալ, իսկ վերոնշյալ դեպքի մասին տեղեկացել եմ միայն վերադառնալուս օրը:
Իմ և ”Զինվորի մայր” ՀԿ-ի անունից պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը և բացառում մեր կազմակերպության որևէ տիպի մասնակցությունը այդ օրվա իրադարձություններին”:
Նշենք, որ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Ապա մայիսի 18-ին Լյուքս Ստեփանյանի ծնողները մտադրվել էին զինվորի դին տեղափոխպել Երևան` ի նշան բողոքի:
Դրանից հետո լւրեր էին շրջանառվում այն մասին, թե հենց այս ՀԿ-ի ներկայացուցիչն է դրդել սպանված զինվորի ծնողներին նման քայլի դիմել: