Լեւոն Զուրաբյանը դրանից չի վիրավորվել, հակառակը` ուրախ է

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրեն երկու անգամ վիրավորեցին, սակայն չթողեցին պատասխանել: Ինքը դրանից չի վիրավորվել, հակառակը ուրախ է:
՛՛Ես շատ ուրախ եմ, որ հնչում է իմ անունը, դա նշանակում է, որ իմ քննադատությունը տեղ է հասել: Ինձ զրկեցին խոսքի իրավունքից, միկրաֆոնս անջատեցին, բայց ես սրանից տրագեդիա չեմ սարքում: Սա նշանակում է, որ նրանց նյարդերը տեղի են տալիս ու հասկանում են, որ մեզ հետ փաստարկներով չեն կարող խոսել, գնում են կանոնակարգի կոպտագույն խախտումների, միայն թե իրանց արածը ծածկեն՛՛,-ասաց Զուրաբյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում Գալուստ Սահակյանի իրեն ուղղված քննադատություններին, իրեն զրո անվանելուն, պատգամավորն արձագանքեց.
՛՛Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի նման բան է, բանականության առումով այդ պուճուր եղբայրների վրա չեն նեղանում ու չեն ջղայնանում: Ինչ վերաբերում է զրոյին, փաստորեն մի զրո կա Հայաստանում, որ հունից հանում է վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին, մի զրո կա, որի մասին ամբողջ պետական իշխանական պրոպագանդան օր ու գիշեր խոսում է, կարողանում է ժողովրդին ճշմարտությունը հասցնել ու չգիտես ինչի այդ մարդիկ խոսում են միայն այդ զրոյի մասին՛՛:
Գալուստ Սահակյանը նաև ասել էր, որ Զուրաբյանը պատմության մեջ կմնա, քանի որ առաջին նախագահին երկրորդական դերակատարություն է տալիս: Հարցին, թե ինչով Գալուստ Սահակյանը կմնա պատմության մեջ, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Տափակ շուլուխներով, ինչով կմնա՛՛: Ապա հավելեց` Գալուստ Սահակյանը միգուցե պատմության մեջ էլ չմնա, քանի որ նրա շուլուխներն անիմաստ են: