Նախարարներն այլևս միայնակ չե՞ն անցնում դալանով
՛՛Գալուստ Գրիգորիչը ինչպես միշտ փայլեց իր մտքի գոհարներով՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը`՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե Մինասյանը խնդրում է իրենց, որ հրաժարվեն իշխանությունից:
Մինասյանն ասաց, որ ինքը ոչ թե խնդրում է, այլ պահանջում է ՀՀԿ-ից հրաժարվել իշխանությունից: ՛՛Ես հնարավորություն չունեցա պատասխանեմ երեկ Գրիգորիչին, բայց հիմա հնարավորություն ունեմ պատասխանելու. ես չխնդրեցի, ես պահանջեցի, ինչպես Գրիգորիչ Ջիվանին կասեր՝ իմ պահանջը քո “շուլուխին” վնաս չէ՛՛:
Գալուստ Սահակյանի մեկ այլ արտահայտությանը, թե ուր կլիներ նաև ՀՅԴ-ը, եթե նախագահը չլիներ, Մինասյանն այսպես պատասխանեց.
՛՛Եթե չլիներ այսօրվա իշխանությունը նախագահի գլխավորությամբ, ՛՛Դաշնակցությունը՛՛ կլիներ իշխանության, նա փորձում էր բարձրացնել նախագահի դերակատարությունը, բայց ավելի գցեց նախագահի դերակատարությունը՛՛:
Հարցին, թե Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը, եթե նախագահը չլիներ ՀՀԿ-ական նախարարների կողքին, ընտրությունների ժամանակ նրանք ձայներ չէին հավաքի և դալաններում նրանց կծեծեին, արդյոք էթիկայի սահմաններում էր, Մինասյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանն ի նկատի չի ունեցել հենց բռնությունը:
՛՛Դա ոչ թե ուժ գործադրելուն էր ուղղված, այլ ասվում էր, որ եթե դուք չունենաք փողի իշխանություն, ձեզնից ամեն մեկը որպես անհատ չափազանց ցածր ձայներ կունենա՛՛: Այս հայտարարության հաջորդ օրը տեսել է, որ Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանն ու Դավիթ Սարգսյանը միասին էին անցնում ԱԺ-ի դալանով: ՛՛Ես նրանց ասացի՝ երեկվա հայտարարությունից հետո այլևս մենակ չեք անցնում հա՞ դալանով՛՛,-կատակեց Մինասյանը: