04 Մայիսի, Saturday, 2024
KFC

30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացում Հայաստանին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Այս ծրագիրը կօժանդակի Հայաստանի Հանրապետության կառավարության շարունակական աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար և կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա և ջուրը սպառողներին ժամանակի հասցնելով: Բացի այդ, ծրագիրը կօգնի որոշում կայացնողներին ու շահագրգիռ կողմերին ապահովել ոլորտի վերաբերյալ հուսալի տվյալներով ու տեղեկատվությամբ:

Հիմնական ներդրման նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձևավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում: Ընտրված 13 պոմպային ոռոգման համակարգերի հետ կապված կվերականգնվեն շուրջ 52 կմ երկարությամբ  ջրանցքներ, որպեսզի նվազեցվեն պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները:

Այս ջրանցքներին ուղղված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողություն: Սա հնարավոր կդառնա հիմնականում ջրի կորուստների նվազեցման միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 100 մետր ջրագծի համար կատարված փոփոխությունների արդյունքում վայրկյանում 1.2 լիտր ջրի խնայողոթյուն կապահովվի:

Բացի էլեկտրաէներգիայի խնայողությունից, որը կկազմի 38 միլիոն կվ/ժ-ից մի փոքր ավել, ինչը կազմում է Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը, ծրագիրը նաև թույլ կտա ներկայումս սպասարկվող տարածքների համար բարելավել ջրի առկայությունը: Սա թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:

“Բանկի կողմից գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը մեկնարկել է այն ժամանակ, երբ Կառավարությունը ձգտում էր մեղմել ռիսկերը ենթակառուցվածքների բարելավման և մասնակցային ոռոգման պրակտիկայի միջոցով, – ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին, – երկրի ռազմավարության տեսանկյունից մրցունակության միջոցով աշխատատեղերի ստեղծման խթանումը և հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունների ինտեգրմանն օժանդակելը առավել քան տեղին է ու ժամանակին”:

Ընթացիկ ծրագիրը կհիմնվի նախորդ ծրագրերի արդյունքների վրա` նվաճումները փոխկապակցելով ու ապահովելով ազդեցիկ փոփոխություններ: Ավելի քան մեկ տասնամյակ Բանկի միջամտություններն օգնել են երկրին կարգավորել ջրի պակասի հարցը, մեծացնել ջրամատակարարման հուսալիությունն ու ջրի ժամանակին ապահովումը, ինչը թույլ է տվել անցում կատարել դեպի բարձրարժեք գյուղատնտեսություն, ինչն էլ հանգեցրել է գյուղատնտեսական ՀՆԱ-ի աճին:

“Մեր նպատակն է օգնել ջրօգտագործողների ընկերությունների կառավարման բարելավմանը` առանձին ջրօգտագործողներին ավելի շատ տեղեկություններ ապահովելու ու իրենց մտահոգություններն ու շահերը բարձրաձայնելու հնարավորություն ընձեռելու միջոցով, – ասում է Գյուղի զարգացման հարցերով Համաշխարհային բանկի ավագ մասնագետ, ծրագրի մշակման թիմի ղեկավար Ջուզեպպե Ֆանտոցին, – վստահ ենք, որ կառավարման մասով առաջարկվող բարեփոխումները արդիականացումների հետ միասին կնպաստեն ոլորտի արդյունավետ կառավարմանն ու կհանգեցնեն առանձին ջրօգտագործողների մրցունակության բարելավմանը”:

Աշխատանքների բարելավումից ու ծառայությունների մատուցման ավելի մեծ հնարավորություններից կշահեն ծրագրի հիմնական շահառուները` ջրային տնտեսության երկու պետական գործակալությունները և ջրօգտագործողների 44 ընկերությունները: Մասնավորապես` իրազեկման աշխատանքները կօգնեն ջրօգտագործողների ընկերությունների գործունեության թափանցիկության մեծացմանը, վերջինիս գործադիր կառույցների կողմից արագ արձագանքի ապահովմանը` մեծացնելով նրանց հնարավորությունները ջրօգտագործողների ընկերությունների անդամների հետ խորհրդակցելու, շփվելու և տեղեկատվություն փոխանակելու հարցում: Ջրօգտագործողների ընկերությունների  կարողությունների զարգացումը կհանգեցնի առավել մեծ արդյունավետության ու թափանցիկության ռեսուրսների կառավարման հարցում:

Ծրագիրը կապահովի կարևորագույն տեղեկատվության կուտակում, որը կուղղորդի Կառավարությանը տեղին ու լավ փաստարկված որոշումների ընդունման հարցում: Տեղեկատվությունը մասնավորապես կվերաբերի (ա) պահպանության չնախատեսված ծախսերին և այն թե դա ինչպես է ապագայում ազդում ինքնարժեքի ու պահպանության ծախսերի ավելացման վրա, (բ) կատարողական ցուցանիշներին, որոնցով գնահատվում է ոռոգման կառույցների գործունեության արդյունավետությունը և (գ) ոռոգման համակարգ մուտք գործող ջրի փաստացի և իրական ժամանակում բացթողման կետերից ջրօգտագործողների ընկերություններին հասցված ջրի քանակին: Այս նպատակով ջրի հոսքը վերահսկելու համար հիմնական ջրանցքների ու որոշ բացթողման կետերի 71 դիտակետերում կգործարկվի վերահսկման ու տվյալների գրանցման SCADA համակարգը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլոն ԱՄՆ դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:

Հայաստանին, որ անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և Միջազգային զարգացման ընկերակցությանը 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.734.600 մլն ԱՄՆ դոլար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ