Վահան Զատիկյանը հարազատ մարդկանց սրտերում է /վիդեո/
Հայ ժողովուրդը ճակատագրական պահին միշտ էլ իր ծոցից առաջ է բերել նվիրյալ հայորդիների մի աստղաբույլ, ովքեր անմնացորդ նվիրվել են հարազատ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու վեհ առաքելությանը: Այդ նվիրյալների մեջ է նաեւ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչ, «Մալաթիա» Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, երջանակահիշատակ Վահան Զատիկյանը: Ծնվել է 1956թ-ին Ջավախքի Լոմատուրցխ գյուղում, այնուհետեւ ընտանիքի հետ միասին բնակություն հաստատել Երեւանում: Վահան Զատիկյանն ըմբշամարտիկ էր, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ: Զինվորագրվելով հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարին՝ Վահան Զատիկյանը անվերապահորեն հավատում էր հաղթանակին, հավատում էր, որ Հայաստանից նենգորեն խլված Արցախը նորից վերադառնալու է մայր հայրենիքի գիրկը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչությունը, վստահելով իր նվիրյալ, կազմակերպիչ ու իր գործունեությամբ հավատ ներշնչող զավակին, նրան` անկախ պետականության առաջին տարիներին`1991թվականին ընտրեց համայնքի ղեկավար, ապա եւ ԱԺ պատգամավոր: Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարը, զինադադարից հետո ամբողջությամբ նվիրվում է իր համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանն ու բնակչության կենցաղային վիճակի բարելավմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին:
Վահան Զատիկյանը հաճախ իր ելույթներում նշել է, որ երկրապահությունը, ազատամարտիկը անգնահատելի հասկացություններ են, արժեք են:
Վահան Զատիկյանը մշտապես հիշել է մարտական ընկերներին, նա հաճախ է եղել Եռաբլուրում, բայց հանկարծակի, անսպասելի ինքն էլ գնաց` միացավ Եռաբլուրում ննջող իր երկրապահ մարտընկերներին: Վահան Զատիկյանն ազգանպաստ գործունեության համար արժանացել է թե կառավարական, եւ թե գերատեսչական պարգեւների: Նա նաեւ ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ է: Վահան Զատիկյանի անունով է կոչվում իր իսկ ազատագրած Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոցը, ուր հաճախ են լինում երկրապահները, օգնում դպրոցին` կահավորման եւ գրականության հարցում: Զատիկյանի անվան դպրոցի մերձակա հրապարակում՝ Երեւան-Ստեփանակերտ մայրուղու մոտ է գտնվում Վահան Զատիկյանի կիսանդրին:
Վահան Զատիկյանի ծննդավայրի դպրոցը նույնպես կրում է նրա անունը: Մալաթիա-Սեբաստիա համայնքում, վաղամեռիկ համայնքապետի նախաձեռնությամբ հիմնադրված այգում տեղադրված է նրա կիսանդրին, որը ուխտատեղի է դարձել համայքի բնակչության, երկրապահների ու նոր սերնդի համար: Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ, որին արժանանում են ինստիտուտի լավագույն ուսանողները: Ըմբշամարտիկ, մեծ հայրենասեր Վահան Զատիկյանի պատվին հանրապետության Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիան` ամեն տարի, աշնանը հուշամրցաշար է կազմակերպում: Այս տարի անցկացվեց Վահան Զատիկյանի անվան 17-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Հանրապետության տարբեր մարզերի մարզական ակումբների պատանի ըմբիշները:
Քաջ հայորդու 60-ամյակի կապակցությամբ հիշատակի եւ խնկարկման ցերեկույթ էր կազմակերպվել իր անունը կրող դպրոցում: Կազմակերպիչը Երկրապահ կամավորականների միությունն էր, մասնակցում էին ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից, մտավորականության, մարզաշխարհի տարբեր խավերից:
Միջոցառման մասնակիցները ծաղկադրում արեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Վահան Զատիկյանի անունը կրող զբոսայգում, ինչպես նաեւ՝ Եռաբլուրում, որտեղ ամփոփված է հերոս հայորդու աճյունը: