31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը թաքցնում է գազի գինը. Զուրաբյան

Կառավարության ծրագրի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության անունից Լեւոն Զուրաբյանի ելույթի առաջին մասը (ելույթն ընդհատվել է նիստն ավարտվելու պատճառով):

 “Հարգելի խորհրդարան,

 Այս լսարանում ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ կառավարության ծրագրի ներկայացումը, համաձայն մեր Սահմանադրության տրամաբանության, իրականում առիթ է՝ կառավարության համար Ազգային Ժողովում վստահության քվե ստանալու համար: Բովանդակային քննարկումն այդ առումով անիմաստ գործ եմ համարում: Նախ, այս կառավարության խոսքը գրոշի արժեք չունի, քանի որ անցյալում ներկայացված ծրագրային դրույթները երբեւէ չեն իրականացվել:

 

Երկրորդ, մինչեւ հիմա ներկայացված ծրագրերը, ինչպես վկայում է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը, մասնավորապես, Գյումրիի տեխնոպարկի ծրագրի իրականացման ուսումնասիրությունը, վերածվել են պետական բյուջեի միջոցների հափշտակման վակխանալիայի:

 Ավելի ուշ կանդրադառնամ Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությանը, բայց այստեղ կցանկանամ նշել այն հանգամանքը, որ իշխանությունները խորամանկորեն այդ հաշվետվության քննարկումը դրել են կառավարության ծրագրի քննարկումից հետո: Հակառակ դեպքում, պարզ կլիներ, որ մենք իրականում այստեղ քննարկում ենք ոչ թե երկրի տնտեսության զարգացման, այլ՝ պետական միջոցների բացահայտ հափշտակության ծրագիր:

 Ավելի կարեւոր եմ համարում մեր հանրության ուշադրությունը սեւեռել նույն այս կառավարության հինգ տարվա գործունեությանը վերաբերող հետեւյալ զարմանահրաշ իրողություների վրա:

 Նշված ժամանակաշրջանում ամբողջ Եվրոպայում միջազգային տնտեսական ճգնաժամը սրբեց-տարավ կառավարությունները հիմնականում արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ եվրոպական ընտրողները երբեք թույլ չեն տա իշխել որեւէ կուսակցության, որի օրոք տնտեսական անկում է տեղի ունեցել: Բացառություն եղավ Էստոնիան, որի ինտելեկտուալ կառավարիչները կարողացան բացատրել ոչ պակաս ինտելեկտուալ ընտրազանգվածին, որ կառավարությունը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը`ճգնաժամի հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով:

 Ամենազարմանալի բանը սակայն տեղի ունեցավ Հայաստանում: Հակառակ ՀՆԱ-ի ռեկորդային 15 տոկոսանոց անկմանը, աղքատության սրնթաց աճին, ռազմական ժամանակներինն հատուկ ծավալների հասնող արտագաղթին եւ կոռուպցիայի ահռելի մեղադրանքներին, հայ ժողովուրդը աննախադեպ եւ տարեցտարի աճող էնտուզիազմով գնաց «ընտրությունների» եւ, խփելով ընտրողների մասնակցության անցյալի բոլոր ռեկորդները, վերընտրեց իրեն կեղեքող եւ աղքատության շեմին հասցնող Հանրապետական կուսակցությանը՝ վերջին ընտրություններում արդեն նրան տալով անհավատալի գրեթե 60 տոկոս ձայն:

Ո՞րն է այս ոգեւորության բացատրությունը: Մի՞թե Հայաստանի կառավարիչներին էստոնացի գործընկերների նման հաջողվեց համոզել ընտրողներին, որ կառավարությունը ազնիվ է աշխատել եւ մաքսիմալ ջանքեր գործադրել երկրի տնտեսական զարգացման համար: Դա հանարավոր չէ: Ձեր էստոնացի գործընկերները հասարակ մահկնացուների նման ապրում են սովորական բնակարաններում եւ երթեւեկում քաղաքային տրանսպորտով: Մինչդեռ դուք, պարոն վարչապետ, եւ ձեր թիմի այլ կարկառուն դեմքերը, մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որեւէ հոդաբաշխ պատասխան այդպես էլ չտվեցին, թե ինչպես առանց ժառանգություն ստանալու, զուտ ձեր հայտարարագրած պաշտոնական աշխատավարձի շնորհիվ կարողացել եք առասպելական հարստություններ դիզել:

Ուստի ո՞րն է Ձեր ապշեցուցիչ ընտրական հաջողության գաղտնիքը. այս ամենից հետեւում է մի պարզ եզրակացություն. Ձախողվելով պետական կառավարման բոլոր բնագավառներում եւ իշխանության լծակներն օգտագործելով միայն սեփական հարստացման նպատակով, այս կառավարությունը կատարելագործվել է միայն մեկ “արվեստում”`կրիմինալի, ընտրակաշառքի եւ ապօրինի քվեարկողների բանդաների միջոցով ընտրությունները կեղծելու մեջ:

 Համաշխարհային քաղաքագիտության մեջ նման իշխանությամբ կառավարվող պետությունները հայտնի են որպես <գիշատիչ պետություններ> /”predatory states”/: Գիշատիչ պետություններում իշխանությունները անխնա կեղեքում են սեփական ժողովրդին, ազգային հարստությունը կենտրոնացնելով մի քանի ընտանիքների ձեռքում, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը ապրում է ծայրահեղ աղքատւթյան մեջ կամ ստիպված է արտագաղթել: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ իրականում այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, պետական մի աղետ է, քանի որ Հայաստանը հայտնվել է դասական գիշատիչ պետությունների շարքում, ինչպիսիք են, օրինակ՝ Զաիրը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Նիգերիան:

 Հարցն, ուստի, այլ կերպ պետք է ձեւակերպել՝ ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե պահանջել մի կառավարություն, որը հինգ տարվա ընթացքում նախագահել է 250 հազար մարդկանց արտագաղթը: Ի վերջո, չմոռանանք, որ 1920թ. սկսած, Հայաստանում արտագաղթ եղել է միայն պատերազմի տարիներին, մասնավորապես՝ 1991-94թթ. եւ հոկտեմբերի 27-ի արյունալի ոճրագործությանը հաջորդող կարճ ժամանակաշրջանում: Հայաստանի պատմության մեջ այն բացառիկ կառավարությունն եք, որի կառավարման օրոք խաղաղ պայմաններում տեղի է ունենում աղետալի արտագաղթ:

 Ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե մեզանից պահանջել մի կառավարություն, որը ընտրությունների շրջանում թաքցնում է ժողովրդից գազի գնի թանկացման հեռանկարը եւ միայն ընտրությունների ավարտից հայտարարում գազի այնպիսի թանկացման մասին, որն իրականում խեղդելու է Հայաստանի տնտեսությունը եւ զարկ տալու արտագաղթի ավելի մեծ տեմպերին: Պետք է ասել ճշմարտությունը. գազի գնի թանկացումը հետեւանք է մի կողմից Հայռուսգազարդի համակարգում Հայաստանի իշխանությունների կողմից հովանավորվող կոռուպցիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանից Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների այնպիսի կախվածության, որը թույլ չի տալիս կտրուկ պաշտպանել հայ ժողովրդի շահերը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ օգտագործել Իրանից այլընտրանքային գազամատակարարում ստանալու հնարավորությունները:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ