ՀՀ-ը առաջին անգամ կհյուրընկալի ԱՄՆ-ի Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` հայոց պատմությանը վերաբերվող լուսանկարների հավաքածուն
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Միացյալ Նահանգներում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` հայոց պատմությանը վերաբերվող լուսանկարների հավաքածուն: Նյու Յորքի Սլիփի Հոլլոու կալվածքում տեղակայված Ռոքֆելերի կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհի ամենախոշոր պահոցներից է, որի շուրջ 60 մլն. փաստաթղթերի, կես միլիոն լուսանկարների ու 2.000 ֆիլմերի հարուստ հավաքածուի մի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է հայոց պատմության եւ, ի մասնավորի, Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի Հայաստանում ծավալած որբախնամ գործունեության հետ:
Նարեկացի արվեստի միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության եւ ԱՄՆ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստան է բերվել շուրջ 200 արխիվային լուսանկար, որ “Հետքերով որբերի հայոց” խորագրի ներքո միաժամանակ կցուցադրվեն երեք տարբեր վայրերում. մայիսի 25-ին ցուցահանդեսը կբացվի Ազգային պատկերասրահի գրաֆիկական աշխատանքների ցուցասրահում, մայիսի 26-ին` Նարեկացի արվեստի միության Երեւանի մասնաճյուղում եւ մայիսի 27-ին` Գյումրու “Թռչունյան տուն” մանկատանը:
Ցուցահանդեսները կուղեկցվեն Յոհաննես Լեփսիուսի`”Գերմանիայի արեւելյան առաքելություն” միությանը (“Deutsch Orient-Mission”) հղած “Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը” (“Armeniernot unt Christenhilfe”) տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությամբ: Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչեւ 2013 թ. հունիսի 8-ը:
Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեն, որ հայերեն գրականության մեջ նաեւ հայտնի է “Ամերիկյան փրկության կոմիտե”, “Ամերիկյան կոմիտե” կամ պարզապես “Ամերկոմ” անուններով, իր 15-ամյա գործունեության ընթացքում շուրջ 116 մլն. դոլարի (շուրջ 3 մլրդ. այսօրվա փոխարժեքով) օգնություն է հատկացրել Հայոց Եղեռնի միլիոնավոր վերապրածների` հիմնելով շուրջ 200 որբանոց, բազմաթիվ հիվանդանոցներ, ամբուլատոր բուժարաններ ու կանացի ապաստարաններ Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրոպայի եւ ԱՄՆ տարբեր բնակավայրերում: Ավելի քան 132.000 որբեր են պահվել ու դաստիարակվել, կրթվել, արհեստներ ուսանել եւ այսպես կյանք մտել Կոմիտեի մանկատներում, որոնցից ամենամեծը, թերեւս, այդ տարիներին «որբերի քաղաք» հռչակված Ալեքսանդրապոլի որբանոցն էր, որով էլ պայմանավորված է կայանալիք ցուցահանդեսի մի մասը Գյումրիում անցկացնելը:
“Աշխարհում ոչ մի այլ տեղ նման տեսարան չես տեսնի: Տեղանքը կենդանություն է ստանում այն ողողած սպիտակ էակներից, ինչպես մրջնաբույնը` մրջյուններից: Նրանց երկար շարքերը ձգվում ու խաչվում ու իրար են միակցում շինությունները: Նրանք հազարներով թափառում են այդ շարքերի մեջ, եւ որպես խռովահույզ ալիքների հորձանուտում մոլորված մանրէակներ` ամենքը` գալարապտույտ այդ մակերեսով մեկ, շարժվում են միանգամայն տարբեր ուղղություններով”, – այդպես է այդ տարիների Ալեքսանդրապոլն իր հուշերում ներկայացնում Անդրկովկասում Կոմիտեի բժշկական գծով տնօրեն Մեյբլ Էլիոտը:
Պատմական է այս ցուցահանդեսն իր ծավալով ու նշանակությամբ: Այն իր հովանու ներքո է առել ԱՄՆ դեսպանությունը, իսկ ցուցահանդեսի բացման երեք օրերին էլ միջոցառումներն իրենց ներկայությամբ կպատվեն ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանն ու Միացյալ Նահանգներից հատուկ միջոցառմանը մասնակցելու համար Երեւան ժամանած Մերձավոր Արեւելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսեանը: Ամերիկայից ցուցահանդեսին մասնակցելու համար նաեւ Երեւան է ժամանել ու խոսքով հանդես կգա Լեսլի Մալոթը: Նա “փոքրիկ Ազատուհի” անունով հայտնի` Ամերկոմի միսիոներներ դոկտոր Չարլզ եւ Ռուբի Գաննաուիեյների որդեգրված մարաշցի որբուհի Ազատուհի Գաննաուիեյի դուստրն է:
Ցուցահանդեսի բացման օրերին բանախոսություններով նաեւ հանդես կգան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հայտնի սկաուտապետ եւ Ալեքսանդրապոլի որբերի ֆիզիկական դաստիարակության գործում մեծ ներդրում ունեցած Վահե Չերազի դուստր Բյուրակն Չերազ-Անդրեասյանը եւ պատմաբան Րաֆֆի Պապոյանը, ով հեղինակել է «Ֆիզիկական կուլտուրան Հայաստանում, 1918-23 թթ.» մենագրությունը:
Ցուցահանդեսին ընդառաջ, Նարեկացի արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին: Վերատպված լուսանկարներից զատ, գրքում համառոտ, բայց հանգամանալից ներկայացվում է Նպաստամատույց կոմիտեի պատմությունը, գաղափարական հենքը, ծավալած գործունեության փուլերը, արդյունավետ դրամահավաքությանը միտված կոմիտեի ռազմավարությունները, որբերի հետցնցումային ապաքինմանն ու հետագա հասարակական ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունները:
Բացման երեք օրերին էլ կատարումներով հանդես կգա Նարեկացի ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան): Կցուցադրվի նաեւ Զարեհ Ճգնաւորեանի “Որ չկորչեն անհետ” (“Lest They Perish”) վավերագրական կինոնկարը:
Ցուցահանդեսի փակումից հետո վերատպված լուսանկարները կհամալրեն Նարեկացի տեսողական արվեստների մշտական հավաքածուն, իսկ Գյումրիի ցուցադրանմուշները կնվիրվեն «Թռչունյան տուն» մանկատանը:
“Նարեկացի” արվեստի միություն
Հասարակայնության հետ կապերի բաժին