Սիգի որսը պետք է արգելվի, որպեսզի բազմացում տեղի ունենա. Բ. Գաբրիելյան
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հաճախ հանդիպող սիգ տեսակի ձկները մատղաշ սերնդի են:
“Այսօր սիգ վաճառում են ինչպես շուկաներում, այնպես էլ բակերում, եւ վաճառքի հանված ձկները 1.5 տարեկան են, իսկ սիգը սկսում է հասունանալ երկու տարեկանից”,-ասաց նա` հավելելով, որ սիգի որսը պետք է արգելվի, որպեսզի բազմացում տեղի ունենա:
Նրա խոսքով, որսագողերին նույնիսկ ձեռնտու է վարչական տույժ մուծել, քանի որ մեծ եկամուտներ են ստանում դրա վաճառքից: “Չպետք է սահմանափակվել միայն վարչական տույժով: Իսկ արգելքները ժամանակավոր են գործում, դրա համար էլ այժմ անարգել որսում են ձուկը”,-նկատեց նա:
Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ կոմպլեքսային մոտեցում է պետք եւ դրական գնահատեց կառավարության քայլերը, մասնավորապես` Սեւանա լիճ արհեստական կերպով ստացված մանրաձկների բաց թողումը: “Սիգի պաշարները վերջին գնահատականներով կազմում են 6.5 տոննա, որի 90% ոչ հասուն են, այսինքն մեկուկես տարեկանից ոչ բարձր”: Նա հաղորդեց նաեւ, որ Սեւանա լճում հայտնվել են նոր ձկնատեսակներ, որոնք տեղի ձկնատեսակների համար վտանգավոր են:
“Դրանք վտանգավոր են հատկապես իշխանի եւ կողակի համար: Սեւանում այսօր կան ամուրյան չեբաչոկ, հայկական տառեխիկ, ծիածանափայլ իշխան, որոնք շատ արագ են բազմանում: Այդ ձկնատեսակները կարող են խախտել Սեւանի էկոհամակարգը”,-նշեց նա:
Մասնագետը խորհուրդ տվեց բարձրացնել ջրի մակարդակը, որպեսզի ձկների բազմացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն:
Նշենք, որ ամենից տարածված ձկնատեսակը կարասն է, որի պաշարները հասնում են 50 տոննայի: