Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ բարձրակարգ թարգմանիչ էր, ում շնորհիվ հայալեզու ընթերցողին հասու են դարձել համաշխարհային գրականության շատ գոհարներ: Նա նաեւ մի շարք հայտնի ֆիլմերի համար գրված սցենարների հեղինակ է:
Ռուբեն Հովսեփյանի թողած գրական ժառանգությունը մնայուն հիշողություն է, որը նրա լուսավոր մարդկային կերպարի հետ մշտապես ուղեկցելու է նրան ճանաչողներին »:
Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա գրականությունը գնահատողներին: