Ինչու չի բացահայտվում «հոկտեմբերի 27»-ը
1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, իսկ 91-ը գերեվարվել։ Այսպես է պատմությունն արձանագրել ՀՀ 25-ամյա անկախության պատմության «սեւ» օրը:
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Ովքեր էին այս ոճրագործության հեղինակները. հասարակությունը մինչ օրս հարցի պատասխանը չի ստացել: Վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը գտնում է, որ դրա մեղավորը ոչ թե տուժող կողմն է, որ կասկածներ ունի, այլ արդարադատություն իրականացնող մարմինը, որը կախված էր ու կախված է գործադիր իշխանությունից, որ «դատավարությունը վարեց իր ուզած ուղղությամբ՝ արագացնելով, դանդաղեցնելով, դատավորին հիվանդացնելով, վկաների հիմնական մասին չհարցաքննելով, փաստաբանների առաջարկություններ չմերժելով, սրանից հասարակությունը հետևություն արեց»: Արամ Սարգսյանի խոսքով` այն ժամանակ պարզ չէր, թե ով էր այդ դեպքի պատվիրատուն: «Դատական գործընթացները բերեցին հիմնավորմանը, որ գործող իշխանությունները ամեն ինչ արեցին, որ մինիմումը «հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի»:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայր` Արմեն Սարգսյանը, ինչպես եւ բոլորը, չի կարծում, թե հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածներն այդ հինգն են.
«Մի փոքր ցանկություն է պետք կարծում եմ, եւ իրականությունը պարզ կլինի: Իմ կարծիքով այդ 5-ը չէին»: