Մեր ժողովուրդը կլսի՞ “խուժաններին”. Նաիրա Կարապետյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը` մայիսի 21-ի նիստում:
“Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Հայտարարությանս կարիքը, թերեւս, չէր լինի, եթե Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում չհնչեին գնահատականներ եւ կարծիքներ, որոնք հնչեղ են, բայց շատ ժամանակ անպատասխանատու եւ անվստահելի:
Բազմիցս հնչեց “թաղային խուժան” արտահայտությունը: Դուք իրո՞ք կարծում եք, որ մեր ժողովուրդը ձեր իսկ կողմից բնորոշված “խուժաններին” լսող է եւ հետեւող: Չեմ կարծում…
Հնչեց, որ Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է եւ երկրի ղեկավարի ելույթի խմբագրված տարբերակը: Հնչեցին այնպիսի կոպիտ բնորոշումներ, ինչպիսիք են “խաբող”, “քցող”, “եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք”:
Որ երկիրը տանենք դեպի զարգացում:
Շահարկվեցին բոլորիս համար ցավալի իրողություններ՝ կարկուտից տուժած գյուղացիներ, գազի գնի թանկացում, անգամ շատ ողբերգալի միջադեպ՝ սպանություն բանակում:
Որեւէ ուժի քաղաքական կշիռը չի ավելանում պոպուլիստական արտահայտություններից (չեմ ասում ամբոխահաճո, քանզի չեմ դիտում սեփական ժողովրդիս իբրեւ ամբոխ):
Կառավարության ծրագիրը տրամաբանական է: Ճիշտ է, այն կայծակնային բարելավումներ եւ ամբիցիոզ ծրագրեր չի ներառում, ինչին արդարացիորեն ապասում է ժողովուրդը, սակայն իրատեսական է եւ կշռադատված:
Այս պայմաններում, երբ Կառավարության կազմը գրեթե նույնն է, արհեստական կլիներ ռադիկալ փոփոխություններ առաջարկող մի ծրագիր, իսկ այս ծրագրում առաջ քաշված առաջնահերթությունները (աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի, աղքատության հաղթահարում), պետք է իրականացվեն հետեւողական աշխատանքի արդյունքում: Միասնական աշխատանքի արդյունքում:
Իսկ միասնական ազնիվ աշխատանքով, կարծում եմ, կհասնենք նաեւ այդքան նշված “վստահության միջավայրի” ձեւավորմանը”: