Արկադի Վարդանյանին կալանավորեցին, իսկ մյուս մեղադրյա՞լը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 21-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել քաղաքագետ Արկադի Վարդանյանի նկատմամբ: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա փաստաբան Նարինե Ռշտունին:
Հիշեցնենք, որ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, որպեսզի տիրանան նրա գույքին:
Փաստաբանի խոսքով, Արկադի Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Ինչ վերաբերում է Արսեն Ավետյանին, ապա Նարինե Ռշտունին տեղյակ չէր նրա կալանավորումից:
Արկադի Վարդանյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ Արդարադատության նախարարւթյան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել:
Նշված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է 2013թ մայիս 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն) հատկանիշներով: