ՀՊԵՆ-ն օգնում է Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին
Մայիսի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) “RP Musical management” կազմակերպության հետ համատեղ ներկայացրեց բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգին աջակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
ՀՊԵՆ-ը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը ներկայացրին Պյոտր Իլյիչ Չայկովսկու (Իտալական կապրիչիո, օպ. 45), Ֆելիքս Մենդելսոնի (Սիմֆոնիա N 4, գհ. 90 Ա մաժոր), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի (Ջութակի կոնցերտ N 5 in Ա մաժոր, K 219) ստեղծագործությունները։ Համերգին որպես հրավիրյալ դիրիժոր մասնակցեց նաեւ Թոմաս Քարոլը։
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երիտասարդական նվագախումբն անմիջապես արձագանքեց դպրոցին օգնելու կոչին։ Ըստ նրա՝ այն բարեգործական համերգները, որոնց մասնակցում է նվագախումբը, ունեն կոնկրետ նպատակ ու հասցեատեր. տվյալ դեպքում հասցեատերը Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցն է։ Սերգեյ Սմբատյանը նաեւ ավելացրեց, որ շատ հաճելի է հրաշալի երաժիշտներ Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնի եւ Թոմաս Քարոլի հետ համատեղ աշխատանքը, ինչը մեծ ձեռքբերում է երիտասարդական նվագախմբի համար։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության համատեղ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը շնորհակալություն հայտնեց ներկաներին Լորդ Բայրոնի անվան դպրոցին օգնելու համար։ Նա նշեց, որ կրթօջախը Մեծ Բրիտանիայի նվերն է գյումրեցիներին ավերիչ երկրաշարժից հետո։ Քեթրին Ջեյն Լիչը նկատեց, որ չնայած առկա դժվարություններին, դպրոցի տնօրենի եւ ուսուցչական կոլեկտիվի նվիրված աշխատանքի շնորհիվ դպրոցը մեծ ձեռքբերումներ ունի աշակերտների անգլերենի ուսուցման գործում։ Նա վստահություն հայտնեց, որ միասնական ջանքերով կկարողանան լուծել կրթօջախի խնդիրները եւ ապահովել դպրոցի ապագա գործունեությունը։
Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր իրենք կարիք ունի կենտրոնացված ջեռուցման համակարգի ներդրման։ Այն ձմռանը տաքացվում է էլեկտրական սալիկներով, ինչն արդյունավետ չէ։ Տնօրենը նաեւ ընդգծեց, որ անգամ այդ դժվարին պայմաններում դպրոցը տալիս է շատ լավ շրջանավարտներ, իրենց աշակերտները հաղթում են հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում։ Նա անձամբ իր, ուսուցչական կոլեկտիվի եւ 435 աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել։
Տեղեկացնենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին