«Ես չէի կարողանում քարերի տակից հանել փոքրիներիս…». հալեպահայերը անցել են մղձավանջի միջով/վիդեո/
«Մինչև պատերազամական վիճակի սկսելը հալեպահայությունը շատ լավ վիճակում էր: Հայությունը իր տեղը ուներ ու կատարյալ առավելություններ: Մենք մեր եկեղեցիներն ու դպրոցներն ունեինք և լավագույն ձևով էինք ապրում մինչև 2011 թվականը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Սիրիայից վերջերս Հայաստան տեղափոխված Գոհար Գալստյանը:
Գոհար Գալստյանի խոսքով՝ մոտավորապես վեցը տարի ինքը և իր ընտանիքը ապրել են շատ ծանր պայմաններում՝ առանց էլեկտրականության և առանց նորմալ սննդի:
«Ամիսներով ջուր չունեցանք, արդեն հորերի փտած ջուր էինք խմում: Ես երկու պստիկների հետ ու ամուսնուս հետ միասին շատ ծանր օրեր անցկացրի: Հետո սկսեցին հրթիռակոծել ու ամեն ինչ ավելի վատացավ»,-պատմեց Գոհար Գալստյանը և հավելեց, որ սարսափի մեջ գտնվող ժողովուրդը կյանքը փրկելու համար ապաստանել է նկուղներում:
Սեպտեմբերի 30-ը այս կնոջ համար միշտ հիշվող ամսաթիվ է: Այդ օրը հրթիռակոծության արդյունքում կործանվել է նրա տունը:
«Մոտավորապես կեսօրին շատ զորավոր մի հրթիռ փլատակի վերածեց իմ տունը և ամուսինս ու երեխաներս այդ փլատակների տակ էին: Ես չէի կարողանում քարերի տակից հանել փոքրիներիս: Վնասվածքներով, արյան մեջ կորած հանեցին նրանց ծանր քարերի տակից…»,-արցունքները չքողարկելով հիշում էր Գոհար Գալստյանը:
Ավելի ուշ այս ընտանիքը հանդիպել է բարերարի, որը նրանց համար Երևանում վեց ամսով տուն է վարձակալել:
Ամուսինները սակայն աշխատանք չեն գտնում.«Ամեն գործ էլ կանենք, միայն երեխաները ապրեն, մենք նրանց պետք է կյանք տանք: Իրենք դեռ չեն մոռացել ծանր օրերը: Տղաս իր մեքենան է ուզում՝ իր տնից»:
Գոհար Գալստյանը Հալեպում երկար տարիներ բուժքույր է աշխատել, իսկ ամուսինը՝ պահակ:
Անդրադառնալով Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար օգնությանը՝ Գոհար Գալստյանն ասաց, որ հալեպահայերը քաղցրավենիքի եւ ծխախոտի կարիք չունեն. «Ժողովրդին փող է պետք՝ գումարի կարիք ունեն: Ծխախոտը չեն խմում ու չեն ուտում»:
Գոհարի ամուսինը Ժան Գալստյանը ընդգծեց, որ չի ցանկանում այլևս Հալեպ վերադառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում: