«ՀՀԿ-ն միշտ սթափ է գնահատել երկրի վիճակը»
ԱԺ-ում շարունակվում են պատգամավորների ելույթները ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի վերաբերյալ:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց՝ թեև ծրագիրը, ֆորմալ իմաստով, կես տարվա ծրագիր է, սակայն այն ապահովում է շարունակականություն և հեռանկարային է: Ըստ նրա` ծրագրում արտահայտված է քաղաքացու պաշտպանվածության, արժանապատվության, կենսամակարդակի, բարձր լավատեսություն ապահովման հարցը:
«Այս դահլիճում գեղեցիկ խոսքեր շատ են հնչել, հիմա դրանով ոչ ոքի չես զարմացնի ու չես ոգեշնչի: Քննադատության գինը նույնպես շատ ընկած է, այս իմաստով քննադատությունն էլ պետք է լինի բովանդակային ու ելքեր առաջադրի: Ծրագրի երկրորդ գլխավոր գործիքը ելքեր առաջադրելն է»,- ասաց Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ սթափ է գնահատել երկրի վիճակը, և հիմա էլ անում է քայլ առաջ՝ բարդ իրավիճակից դուրս գալու համար: Կառավարության ծրագիրը, նրա խոսքով, առաջադրում է հստակ խնդիր, լուծման մեխանիզմներ և պարտավորություններ պետական կառավարման համակարգի համար: Նաղդալյանն առաջարկեց վեց ամիս հետո համադրել ու եզրակացություն անել` լուծե՞լ են խնդիրները, թե՞ ոչ:
«Կառավարությունն ինքն իրեն դնում է այն վիճակի մեջ, որ պետք է բացառի ժամավաճառությունը: Իսկապես, արագ պետք է անցնել խնդիրների լուծմանը: Տևական ժամանակ պետական կառավարման համակարգը լուծել է սոցիալական խնդիրներ, և ամենամեծ փորձությունը ծրագրի համար կլինի այն, թե որքանով է կադրային համակարգը պատրաստ լինելու խնդիրների լուծմանը, որքանով են մրցունակ լինելու այդ կադրերը, սա բարդ խնդիր է: Ողջունում եմ վարչապետի պատրաստակամությունը, նրա խոսքերով` պետական կառավարման համակարգը սանիտարական մաքրման ենթարկելու` նրա ցանկությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ըստ Նաղդալյանի` այն հայտարարությունները, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի անկուսակցական կառավարության անդամների համար, հնարովի են ու մտացածին, քանի որ ՀՀ նախագահը նաև նրանց նախագահն է:
«ՀՀԿ-ն կրում է կառավարության գործունեության պատասխանատվությունը և կենսականորեն շահագրգիռ է ու սրտացավ, որ ծրագիրը հաջողի: Վստահ եմ, որ կառավարությունը հաջողելու է: Պատրաստ ենք ձեզ աջակցել»,- ասաց Նաղդալյանը: