27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այլեւս երբեք՝ պատահարներին

(Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. սեպտեմբերին)

 

Ֆրանսիական Veolia Group-ի համակարգում սեպտեմբերին կայացավ հերթական ամենամյա «Աշխատանքային առողջության ու անվտանգության» միջազգային շաբաթ»-ը, որին ակտիվորեն մասնակցեց նաև վերջինիս մաս կազմող Երևան Ջուր ընկերությունը:

Այդ ընթացքում անցկացվեց սեմինար, որի շուրջ հինգ տասնյակ մասնակիցներին  ընկերության բժիշկները եւս մեկ անգամ պատմեցին աշխատավայրում հնարավոր պատահարների ու վնասվածքների մասին, ներկայացրին տուժածներին առաջին բուժօգնություն ցուցադրելու կարգը: Խոսքը կոտրվածքների, այրվածքների, թունավորման, հոսանքահարման, խայթոցների, սիրտանոթային անբավարարության եւ այլնի մասին է: Ի լրումն ստացած տեղեկատվության՝ մասնակիցներին նաեւ ցուցադրվեցին 5 կարճամետրաժ ուսուցողական տեսաֆիլմեր, որոնք կրում էին առավել քան խոսուն անվանում-կարգախոսը՝ «Այլեւս երբեք»:

Դրանից բացի ստուգվեցին բակային պոմպակայանների կառուցման ընթացքում շինարարների կողմից աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը: Այնուհետև, Ձորաղբյուրում ուսումնասիրվեց քլորակայանի տեխնիկական վիճակը, օպերատորների գիտելիքները, պատրաստվածությունն ու ունակությունը գործել արտակարգ պատահարների դեպքում: Դրանք ոչ միայն նոր գիտելիքներ ու փորձ հաղորդեցին սեմինարի մասնակիցներին, այլև մեկ անգամ ևս վկայեցին այն ուշադրության մասին, որը Veolia-ն դարձնում է աշխարհով մեկ սփռված իր ձեռնարկություններում աշխատակիցների առողջությանն ու աշխատանքի անվտանգության կանոնների պահպանմանը:

Հասկանալի է, որ նշված սեմինարը, չնայած իր կարեւորությանը, չէր կարող ջրմուղագործների ուշադրությունը շեղել իրենց հիմնական գործառույթից: Սեպտեմբերին շարունակվել են աշխատանքները ինչպես ջրաղբյուրներում ու մայրուղային ջրատարների վրա, այնպես էլ ներհամայնքային  բաշխիչ ցանցում՝ գոտիավորման և շահագործման հուսալիության բարձրացման նպատակով:

Մասնավորապես, հաշվետու ամսվա վերջին, ջրի սպառման պահանջարկի նվազմամբ պայմանավորված, անջատվեց «Շոր-Շորի» ջրաղբյուրի պոմպակայանը: Արդեն 4-րդ տարին է լեռնային աղբյուրներից հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ, փաստացի պահուստային հանդիսացող ՙՇոր-Շոր՚-ը աշխատում է միայն ջրի սպառման ՙպիկերին՚: Բայց եթե նախորդ տարիներին պոմպակայանը ջուր էր մատակարարում մայիսից-սեպտեմբեր, ապա այս տարի գործեց ընդամենը երեք ամիս` հուլիս-սեպտեմբերին: Անջատվեց նաեւ Գառնիի ջրաղբյուրի պոմպակայանը: Կանոնավորվեց «Ապարան-Երևան», «Ապարան-Շոր-Շոր», «Գառնի-Երևան», «Արզական-Գյումուշ», «Կաթնաղբյուր-Երևան» և «Արզնի-Երևան» ջրատարների աշխատանքը: Կարգավորվեցին դրանց օդահեռ փականները, նորոգվեցին ջրթողները, ճշգրտվեց հարակից համայնքներին տրվող ջրաքանակը, վերացվեց ջրի կորուստը եւ այլն:

Ներհամայնքային բաշխիչ ցանցը նույնպես անմասն չմնաց շինարարությունից: օրինակ, դրա հուսալի շահագործման նպատակով Աշտարակի խճուղու ձեռնարկությունների տարածքում նախկինում կառուցված, բայց չօգտագործված ջրագիծը հանձնվեց շահագործման: Այգեձորի փողոցում վթարված թուջե ջրագծի ապամոնտաժումն ու Դուրյան և Չարենց թաղամասերում վթարված ջրագծերի խցափակումն ու շահագործումից հանումը բերեց ջրի տնտեսման:

Համակարգում շարունակվեց նաեւ նոր ջրագծերի, դիտահորերի ու փականային հանգույցների շինարարությունը, մասնավորապես, Արգավանդ ու Գեղանիստ գյուղերում, Ավանում, Դավթաշենում, Քանաքեռում… Իհարկե, անելու բան դեռ շատ կա: Այնուամենայնիվ, շինարարությունը համակարգում մոտենում է ավարտին: Ընթացիք տարին սովորականից «կարճ» է: 2017թ.-ից Հայաստանի բոլոր ջրմուղ համակարգերը միավորվում են ու կառավարվելու են նոր Օպերատորի կողմից (հայտարարված միջազգային մրցույթում փաստացի նորից հաղթել է ֆրանսիական Veolia ընկերությունը): Հետեւաբար, անհրաժեշտ է մինչեւ տարեւերջ արածն ամփոփել ու ընկերության ողջ գույքը նոր կազմակերպությանը հանձնել:

Գալով արդյունքներին, կարելի է փաստել, որ սեպտեմբերը ընկերության համար ռեկորդային հաջող ամիս էր բոլոր առումներով: Էլեկտրաէներգիայի ծախսը իջել է  ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 50 հազար  կՎտժ-ի օրական, ռեկորդային ցածր է եղել նաեւ ջրի արտադրությունը՝ վայրկյանում 8746 լիտր, իսկ ջրի վաճառքը, ընդհակառակը, ավելացել է՝ հասնելով ռեկորդային 6,6 մլն խոր. մետրի: Ի վերջո, ռեկորդային էր նաեւ Երեւանում ջրամատակարարման շարունակականությունը՝ 98 տոկոս:

Համակարգում տարվող ջրաշինարարական քաղաքականությունը տալիս է իր պտուղները:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ