Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման աշխատանքները
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 19-ին կայացել է 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակում 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփումը:
Կատարված աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարի տեղակալների զեկուցումներում շեշտվել է, որ համաձայն պատրաստության պլանի իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները: Զեկույցներում վերլուծվել են ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված և պլանային այլ աշխատանքների արդյունքները: Արձանագրված որոշ թերացումներին զուգահեռ ընդգծվել է, որ զորամիավորումը երրորդ եռամսյակում գրանցել է զինվորական կարգապահության ցուցանիշների բարելավում:
Ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցները` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շեշտել է, որ անհրաժեշտ է անել առավելագույնը արձանագրված դրական տեմպերը պահպանելու և առաջադրված մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար:
Ամփոփիչ խորհրդակցության ընթացքում նաև խրախուսվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողները: