Ֆիզկուլտուրայի և Թատերական ինստիտուտները 4 տարի ժամկետով հավատարմագրում են ստացել
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՊԻ) և Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստում նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Յուրաքանչյուր բուհի վերաբերյալ տեղի է ունեցել առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:
Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 17 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, 11-ին՝ 4 տարի ժամկետով, 3-ին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2-ի հավատարմագրումն էլ մերժել էր: