26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը վստահում է, բայց առաջարկներ ունի

Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետեւյալ անժխտելի իրողությունը: Այս մասին գրում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում։

«Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է` պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը:

Ուստի կառավարության առջեւ կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձեւական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչի համար անհրաժեշտ է.

1. Վերացնել նախարարությունների, պետական այլեւայլ գերատեսչությունների, ինչպեսեւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով:

Եթե կառավարության ծրագրում այս երկու դրույթները չընդգրկվեն, ապա Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման ու զարգացման հույս փայփայելն անիմաստ կդառնա, իսկ նոր կառավարությունը կարժանանա նախորդ երկուսի բախտին:

Այս առաջարկները թեեւ նորություն չեն ու բազմիցս արծարծվել են, բայց մինչ այժմ մնացել են «ձայն բարբառոյ յանապատի»:

Մինչեւ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չարվի, ոչ մի վարչապետ, որքան էլ կարող, որեւէ հաջողության չի հասնի եւ կարճ ժամանակ անց կդառնա հերթական քավության նոխազը:

Իշխանավորների անհագության ու կոռուպցիայի պատճառով մենք կարող ենք ոչ միայն մեր անկախությունը, այլեւ Ղարաբաղն ու Հայաստանը կորցնել:

Սա է, որ խորապես պետք է գիտակցի նոր կառավարությունը եւ քաջություն ու վճռականություն դրսեւորի մեծագույն այդ չարիքը հաղթահարելու գործում: Այլապես, համակարգային բարեփոխումների վերաբերյալ նրա ցանկացած խոստում կմնա սոսկ դատարկ զրույց»,- նշել է առաջին նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ