Սուրիկ Խաչատրյանը նեղսրտած չէ (վիդեո)
«Նոր կառավարությունն իր թիմն է ձևավորում, իսկ Սյունիքի նախկին մարզպետը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պաշտոնավարել, իսկ կառավարությունն ընդունել է այդ որոշումը»,-Henaran.am-ի հարցին պատասխանելով, թե ինչ կարծիք ունի Սյունիքում նոր մարզպետի նշանակման ու Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Կարապետյանը:
Լուրերը, թե նոր մարզպետ Վահե Հակոբյանը ցանկանում է ու փորձ է անում նախկինի ունեցած ազդեցությունը մարզում պակասեցնել, պատգամավորի համար նորություն էին, ինքը նման բան չի նկատել: «Եթե ձևավորվել է նոր թիմ կառավարությունում, չի նշանակում, որ պետք է վերացվի անցածը: Կարծում եմ՝ նոր կառավարությունը շարունակում է նախորդ քաղաքականությունը, որ ունեցել է ՀՀԿ-ն, շարունակվում է մարզպետի կողմից: Նոր մարզպետը նոր է աշխատում, սպասենք ինչ-որ ժամանակ՝ գնահատական տալու համար»,-նկատեց Արմեն Կարապետյանը:
Վերջինիսի խոսքով՝ բնականաբար, յուրաքանչյուր մարդ, այդ թվում նորանշանակ մարզպետ ունի իր աշխատելաոճը: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանը վերադառնա նույն պաշտոնին, ինչպես արդեն մեկ անգամ եղավ, ինչին պատգամավորը պատասխանեց, որ նա ՀՀԿ թիմի անդամ է, Սյունիքում ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է:
Արմեն Կարապետյանը չի կարծում, որ նախկին մարզպետը ՀՀԿ-ից կամ կառավարությունից նեղսրտած է, քանի որ առողջական խնդիրներ ուներ, իսկ առողջության վերականգնումից հետո կմտածի ապագա ծրագրերի մասին:
Շարունակությունը՝ տեսանյութում: