«Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն»
Միայն մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր «Մատյան»-ը, որը մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանն» անկործանելի է ստուգապես:
Գրքերն էլ ճակատագիր ունեն, որ բնավ էլ նրանց վերնագիրը չէ: Եվ «Մատյան»-ի ճակատագիրը նույնքան անկրկնելի է, որքան իր էությունն ու հորինվածքը:
Հեղինակն իր գիրքը որակել է ոչ միայն իբրև ստեղծաբանություն (այսինքն՝ բանաստեղծություն), այլև երգ, նվագ, մինչևիսկ «չափաբերականք» (այսինքն՝ ոտանավոր), սակայն «Մատյան»-ը իբրև այդպիսին ընկալվեց համեմատաբար վերջերս միայն: Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել: Եվ զարմանալին այն է, որ Նարեկացին հենց ինքն է դա կանխագուշակել իր գրքի սկզբում. «Այս մատյանն ընթերցողների սրտերը դարձրու հստակ, բժշկիր նրանց հոգիները և հանցանքները սրբիր… Եթե անձնական ցավի մի մահացու վտանգ պաշարի որևէ մեկին՝ թող սրանով գտնի փրկությունը հույսով ապրելու»…
Նարեկացու կանխագուշակումը կատարվեց: Ու եթե ժողովուրդներն իրենց մեծ բանաստեղծներին անմահացնում են համարյա միատեսակ, ապա հայ ժողովուրդը իր այս մեծին անմահացրել է նույնքան արտակարգորեն, որքան արտակարգ էր նույն ինքն այդ մեծը. դարեր շարունակ նրա գիրքը համարվել է ՀՐԱՇԱԼԻՔ, և դարերն ապացուցեցին, որ իսկապես էլ հրաշալիք է դա…
***
Նարեկացու «Մատյան»-ը մեր բանաստեղծության ամենածավալուն երկն է: Եվ նրա մշտախայտանք ալեխաբությանը համեմատելու համար մեր հայրենի բնությունը օրինակ չի տալիս. բաղդատության համար հարմար չի գալիս ո՛չ Վանա ծովակը, ո՛չ էլ Սևանա լիճը. ծով է պետք, որ չենք ունեցել, ու եթե ունենք՝ հենց այս «Մատյանն» է: Բայց, ինչպես գիտենք, ծովերն անգամ ափունք ունեն: Եվ Նարեկացու ծովածավալ ու ծովատրոփ այս «Մատյանն» էլ ունի իր ափունքը, որ կարելի է ձևակերպել ընդամենը երեք բառով. «ՄԵՂԱՅ-ԿՈՐԵԱ-ՈՂՈՐՄԵԱ»: Ավելի քան 8500 տողանոց այս գիրքը, որին «կաղապար» բառը չի փակչում այնպես, ինչպես սատանան խաչին, այս գիրքը, որ ունի 95 գլուխ, գրված է ոչ այլ կերպ, քան հենց սույն եռամասնյա պարզ կաղապարով. «մեղանչել եմ – կորչում եմ – փրկիր»: Եվ անկարելի է չապշել՝ տեսնելով, թե ինչպես է ամեն գլխում բոլորովին նոր ձևերով ասում միևնույնը՝ 95-ը բազմապատկելով 3-ով և ստացված գումարը բազմապատկելով… անսահմանությամբ: Արդարացվող չափազանցություն է, թե Անին ուներ 1001 եկեղեցի: Աններելի նվազեցում կլինի, եթե ասվի, թե Նարեկացին իր «Մատյան»-ում կառուցել է ընդամենը 1001 «եկեղեցի», որ նրա վերադիրներն են, մակդիրները, փոխաբերությունները, դիմառնությունները, հարասությունները: «ԵՍ ՇՆՉԱԿԱՆ ՄԻ ՄԱՏՅԱՆ ԵՄ՝ ներսից ու դրսից բարդված ողբերով ու ձայներով», – ասում է բանաստեղծը դիմառնաբար: Եվ հիազարհուր է նրա այդ «շնչական»-ությունը. նա կարծես շնչում է ոչ թե սովորական թոքերով, այլ գործող հրաբուխի զույգ խառնարաններով: Ընթերցողն, ակամա, ստիպված է լինում շնչակցվել նրան, բայց շուտով, իր թոքերի մսեղեն ցավով, զգում է, որ անկարելի է դա. ու շնչակտուր է լինում: Րոպեական դադար, կարճատև լռություն: Բայց դա էլ լոկ այն բանի համար, որ իսկույն ևեթ գոչի. «ԼՍԻՐ ՍՐՏԻՍ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»: Իսկ այդ լռությունն էլ, իր իսկ վկայությամբ, այլ բան չէ, քան «ՄԵԾԱՁԱՅՆ ՀՆՉՈՒՄ ԵՐԿԱՐԱԳՈՉ»:
«Մեղայ – կորեա – ողորմեա»:
Երբ իր մեղանչումից է խոսում և իր կորնչումից, ասես արտաշնչում է հալած կապար, ինչի վրա են ընկնում հրահեղուկ բառերը՝ այրվածքի խարան են թողնում ու ճենճահոտ: Իսկ երբ աղաչում է գութ և պաղատում ողորմություն, ասես ներշնչում է մրրիկ և արտաշնչում փոթորիկ` ամեն ինչ նախ ներառելով ու դարձնելով պատկեր ու վերադիր, փոխաբերություն ու մակդիր, ապա այս ամենը վերամղելով դեպի արդարաբնակ երկինքները:
Նրան բնութագրող առաջին ածականը պետք է լինի ԱՍՏՎԱԾԱԽՈՒՅԶԸ: Բայց նա Աստծուն հետախուզում է ոչ թե պարզապես ի սեր Աստծու, այլ հանուն Մարդու: Ուստի և նա մեկն է աշխարհիս այն սակավաթիվներից, որոնց մականունն է ՄԱՐԴԱԽՈՒՅԶ: Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն: Ուստի և նա, ըստ էության, մեծատառ է գրում ոչ միայն Մարդը, այլև ՈՄՆ-ը: Մեսրոպատառ ոչ մի գրքում մարդն այնքան չի մերկացվել ներքնապես, որքան այստեղ: Ըստ քրիստոնեական հավատալիքի, Ահեղ Դատաստանի օրը մարդկանց կառուցվածքը շրջվում է, մարմինը դառնում է աստառ, հոգին՝ երես: Իր գրքում այսպես է շրջված ոչ միայն Մարդը, որ ինքն է, այլ նաև Ոմն-ը, որ մարդկային արարածներից յուրաքանչյուրն է: Իրենից վեց դար հետո ծնված մեծ անգլիացու շնորհիվ աշխարհն ստացավ մարդու սքանչելի գովերգությունը՝ Համլետի բերանով: Բայց նույնիսկ Շեքսպիրն ինքը կգերադասեր իր այս մեծ նախորդի նույնատիպ խոսքը. «Մարմինդ կրող ու տանող երկու միակցորդ-խորհրդակից ոտներիդ վրա, ահա, դու հրեշտակի ձևով ես կառուցվել, որպեսզի քո կրկնաբարձ վերսլացիկ բազուկներով, իբրև թռչելու թևերով, հայրենական աշխարհիդ նայես բարձրերից… Մարմնիդ աշտարակի վրա, իբրև բազմականթեղյան ճրագ, գլխիդ բոլորությունը հաստատվեց, որպեսզի դրանով չօտարանաս Աստված տեսնելու շնորհից և մնայնություններդ իմաստասիրես: Բանականության պատվով ճոխացար կրկնակի, որպեսզի քեզ պարգևված բարեմասնություններիդ հաղթանակից խոսես քո անարգել լեզվով: Քո ձեռքերով, որ հարմարապես ճյուղավորված են շառավիղներով մատներիդ, և իրենց նույնատիպությամբ աստծո ամենաբաշխ աջի գործակից-կցորդն են, գործելուդ և կառուցումներդ տնօրինելու համար աստվա՜ծ կոչվեցիր: Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր՝ նրանց միացնելով քո մեջ պատշաճող ազդողական հինգ զգայարաններիդ թիվը, որպեսզի արտաքնապես և առերևույթ նյութեղեն քո տեսքը չմնա մտքիդ դիտման համար անքննադատելի»… Մարդը Նարեկացու համար «եզակի պատկերն է աստծոյ», ուստի և նա աստծու հետ «աղերսախառն դատի նստելով»՝ հազար ձևերով դատաքննում է միևնույն կոչական հարցականը. «Մի՞թե… պիտի անպատվես նյութը քո պանծալի հարստության… չպահես պսակիդ պայծառության զարդը վայելուչ», որ մարդն է և միայն մարդը:
Պարույր Սևակ