Արմեն Մարտիրոսյանը պատրաստվում է գրոհել քաղաքապետարան

“Բարեւ Երեւան” դաշինքի առաջատար, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երեք ընտրություններին /ԱԺ, ՀՀ նախագահի, Երեւանի ավագանու/ և նշեց, որ “Ժառանգության” հույսերը մեծ հաշվով չարդարացան.
“ԱԺ ընտրությունների ժամանակ ավելի մեծ հույսեր կային հակառակը եղավ: Նախագահականին մեր սպասելիքները մեծ չէին ՝ ու Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց: Մեր քաղաքացիները հերթական անգամ չունեցան այն իշխանությունը ,որը “դե յուրե” էր”:
Արմեն Մարտիրոսյանի հավաստմամբ` այս երեք ընտրությունների ընթացքում էլ տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք ըստ էության փողածածկույթի դեր են կատարել: Նա այստեղ տեսնում է նաև ընդդիմադիր կամ ընդդիմադիր ձևացող ուժերի բացասական դերակատարումը.
“ԲՀԿ-ը այնպիսի դիրքորոշումով հանդես եկավ , որ շատերը նրանց ընտրեցին որպես ընդդիմություն և ընտրությունների ավարտից հետո նրանց առաջնորդը արեց հայտնի արտահայտությունը՝ “մենք ընդդիմություն չենք: Ամենամեծ լակմուսի թուղթը, որը ցուցադրեց, թե ով է իրական ընդդիմություն, ով ոչ` ցույց տվեցին նախագահական ընտրությունները, որի միջոցով դաշտը բյուրեղացավ և պարզ դարձավ”,-նկատեց Մարտիրոսյանը` հավելելով, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշ ուժեր իշխանության դեմ պայքարելու փոխարեն պայքարում են հենց ընդդիմության դեմ:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ “Ժառանգություն”-ը չունի ոչ կոռուպցիա իրականացնողներ, ոչ օլիգարխներ: Նա համոզված է, որ այս ընտրություններում քաղաքացին է պատժել ընդդիմադիր ուժերին.
“Մեր քաղաքացիները մեծ զայրույթ ապրեցին և ուղղակի ընտրողը պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին: Առաջին անգամն էր, որ տեղամասերում այդքան մեծ հսկողություն կար: Քաղաքացու վրա այդքան չազդեցին ընտրակաշառքները, որքան այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցություններում նեղ շահեր էին քննարկվում”:
Արմեն Մարտիրոսյանը իշխանության գնահատականը բազմիցս է տվել և չի պատրաստվում այլևս խոսել այդ մասին. “Իշխանությունը շարունակելու է թալանը, ատկատները, ուստի իշխանությունների հետ կապված ամեն ինչ պարզ է”:
Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ թեպետ փոքրաթիվ բանակով, սակայն մեծ ներուժով իրենք աշխատելու են Երևանի ավագանիում և այնքան կարևոր են լինելու այդ նիստերը, որ անպայման լուսաբանվելու են լրատվամիջոցների կողմից: