«Համոզված եմ՝ Վիգեն Սարգսյանն իր արդյունավետ աշխատանքով կստիպի, որ Սամվել Բաբայանը վերանայի իր դիրքորոշումը»
Արցախի նախկին Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, հարցազրույցներից մեկի ընթացում, խոսելով ՀՀ նորանշանակ Պաշտպանության նախարարի մասին՝ կարծիք էր հայտնել, թե այս իրավիճակում քաղաքացիական անձին այդ պաշտոնում նշանակելը նպատակահարմար չէ:
Անդրադառնալով Բաբայանի այս տեսակետին՝ այսօր՝ ՀՀԿ ԳՄ, ապա Խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Դա պարոն Բաբայանի կարծիք արտահարտելու իրավունքն է:
Անկախ նրա կարծիքից՝ մենք կարծում ենք և նոր սահմանադրությամբ ամրագրված է, որ զինվորական գլխավոր պաշտոնյան Գլխավոր շտաբի պետն է: Իսկ շտաբի պետը բարձրաստիճան, ուղի անցած զինվորական է՝ գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Պաշտպանության նախարարի առջև, ով քաղաքացիական անձ է և ունի քաղաքացիական պաշտոն, դրված են ոչ պակաս կարևոր խնդիրներ՝ ռազմաքաղաքական դիվանագիտություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-ազգ խնդիրների լուծում… Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը բոլորիս աջակցությամբ կիրականացնի իր առջև դրված պարտավորությունները՝ բարձր մակարդակով, և Սամվել Բաբայանը տարիներ անց գուցե վերանայի իր որոշումը»: