Բայց այս ձևով վտանգավոր է. Մարուքյանը՝ ԸՕ-ից
«Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկմանն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը կոշտ մեխանիզմ որակեց: Ըստ նրա՝ այնպես են անելու, որ մարդիկ իրենց ունեցած ահազանգերը չներկայացնեն: «Դեպքեր են եղել, որ ընտրողը գալիս է տեղամաս, իր անվան դիմաց դրված ստորագրություն է հայտնաբերում, հետո քննարկումների ընթացքում ասում են՝ մեկը շփոթվել է, ինքը քո տեղնա ստորագրել. դու էլ էստեղ ստորագրի և նման իրավիճակներ: Հիմա դուրս է գալիս այս հոդվածից, որ նման դեպք լինի, հայտարարի, հետո պարզվի՝ շփոթված է, այս մարդուն կարան դատեն»,-ասաց նա և նշեց, որ այս հոդվածը հետ է մղելու դիտորդներին՝ վսահված անձանց հայտարարություն տալու համար:
Մարուքյանը նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են լինում, իհարկե, որոնք չեն հաստատվում: «Հիմա չեն հաստատվում, չեն հաստատվում, հետո ի՞նչ»,-ասաց նա: Հիմնական զեկուցող՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե միայն իրավապահ համակարգին վերաբերվեր, խնդրիր չէր լինի: «Բայց մենք խոսում ենք ընտրական վեճերին լուծումներ տալու մասին, այս տեսանկյունից իսկապես մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ»,-ասաց նա և նշեց, որ կոնկրետ Մարուքյանի օրինակի դեպքում քրեական պատասխանատվության հարց չկա: Մարուքյանը նկատեց՝ եթե կա հաջող ձևակերպում, պատրաստ են քննարկել:
Էդմոն Մարուքյանը նշեց, թե նկատի ունի իրավիճակ, որ հայտնաբերել է, որ հարևանն այստեղ չէ, բայց նրա փոխարեն քվեարկել են, հետո արձանագրություններ, քննություն լինի, ու պարզվի իրականությանը չի համապատասխանում, այդ մարդուն են գտնելու և ասեն, թե դու ես դիմել, ու քրեական պատասխանավություն ենթարկեն: «Մոտեցումը գուցե ճիշտ է, բայց այս ձևով վտանգավոր է: Ասեն, որ հայտարարություն տվեցիք, կդատեն, կասեն լավ դե ինչ անենք, վտանգի տակ չդնենք»,-ասաց նա և նշեց, թե խրախուսման նորմ պետք է դնել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա եթե մեր խնդիրը լուծում եք տալով այլ լուծում, որով մեր մտահոգությունը փարատում է, համաձայն եմ, բայց ակնհայտ է, որ անթույլատրելի են անպատասխանատու հայտարարություններ, որոնք կստեղծեն վատ ընտրությունների մասին տպավորություն»: