Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան․ Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին:
Հարցի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ դեռևս անցյալ տարի վերոնշյալ տարածքում մասնագետների կողմից կատարվել է ծառերի ուսումնասիրություն և կազմվել է ծերացած ծառերի վերափոխման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացություն: Զեկուցվել է նաև, որ համաձայն մասնագիտական եզրակացության՝ ծառերի չորացումն ամենևին պայմանավորված չէ տվյալ տարածքի բարեկարգման աշխատանքներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները սկսելուց առաջ հանրությանը նախապես իրազեկել նախատեսված աշխատանքների մասին:
«Մինչ կոնկրետ գործողություններին անցնելը, նախ պատշաճ իրազեկեք հանրությանը, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված անհարկի մտահոգություններ չառաջանան: Առավել ևս, երբ նշում եք, որ դեռ նախորդ տարի է տվյալ տարածքում կատարվել մասնագիտական ուսումնասիրությունն ու տրվել է համապատասխան եզրակացություն: Քաղաքացիները պետք է հստակ տեղեկացված լինեն, որ ծառերի էտի կամ հատման վերաբերյալ մեր կողմից տրված թույլտվության հիմքում առկա է մասնագիտական համապատասխան եզրակացություն: Նախապես չիրազեկելու արդյունքը մեր համաքաղաքացիների կողմից հնչեցվող արդարացի մտահոգությունն է, որի հետ կապված ցանկացած պարզաբանում, ըստ էության, արդեն ուշացած է ու հնչում է որպես արդարացում: Այս հարցում եղեք խիստ հետևողական», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է բնապահպանության վարչությանը
նախապատրաստվել ծառերի աշնանային խնմաքի պատշաճ կազմակերպմանն ու առաջիկա աշնանային ծառատունկին:
«Մասնագետների հավաստմամբ ծառերի աշնանային խնամքի պատշաճ կազմակերպման արդյունքում ավելի առողջ ու փարթամ կանաչ գոտիներ են ապահովվում: Ըստ այդմ, ներգրավեք համապատասխան մասնագետներ ու կազմակերպեք այդ աշխատանքները ինչպես հարկն է: Բացի այդ, նախապատրաստվեք նաև աշնանային ծառատունկին: Այս հարցում էլ անպայման ներգրավեք բնապահպաններին և շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև մեր համաքաղաքացիներին», – նշել է Տարոն Մարգարյանը: