28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մայրաքաղաքում կայացել է վազքի Երևանյան երկրորդ կիսամարաթոնը

Երևանյան անցնող կիրակին նաև ակտիվ հանգստի սիրահարների համար էր: Երևանի քաղաքապետարանը  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր վազքի երկրորդ կիսամարաթոնը, որի  գլխավոր նպատակը զանգվածային սպորտի տարածումն ու առողջ ապրելակերպ քարոզելն էր: Վազքարշավին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Առավոտյան նախավարժանքից, ներկաներին բարձր տրամադրություն ապահովող ուրախ ռիթմերից հետո Ստ. Շահումյանի անվան հրապարակից  տրվել է կիսամարաթոնի մեկնարկը: Հիշեցնենք, որ վազքուղին չափագրված է մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ունի միջազգային կարգավիճակ: Վազքարշավը բաժանված էր 4 մրցատարածության. 1 կմ` 6-12 տարեկան երեխաներ, 5 կմ` 13 տարեկան և բարձր տարիքի վազորդներ, 10 կմ` 16 տարեկան և բարձր տարիքի մասնակիցներ, և ամենաերկարը`21.1 կմ, որը   հաղթահարել են 18 և բարձր տարիքի վազորդները:  Մանկական վազքում տղաների պայքարում հաղթել է Վարդան Նազարեթյանը, աղջիկներից ամենաուժեղն է եղել Պոլինա Ռեդկինան, 5 կմ մրցատարածությունում տղաներից հավասարը չի ունեցել Վանյա Սարգսյանը, աղջիկներից`Եկատերինա Լապկինան: 10 կմ-ում տղամարդկանց պայքարում վերջնագիծը առաջինն է հատել Երվանդ Մկրտչյանը, աղջիկներից `Էլլադա Ալավերդյանը, և 21 կմ վազքատարածությունում  տղամարդկանցից հաղթողի կոչումը նվաճել է Դավիթ Կարազաշվիլին, կանանց պայքարում ուժեղագույնն է եղել Եկատերինա Մոիսեևան: Եռյակներում տեղ գրաված վազորդները պարգևատրվել են համապատասխանաբար 500000,  375000 և 250000-ական ՀՀ դրամներով: Դրամական մրցանակներ են ստացել նաև 5 և 10 կմ վազքատարածության եռյակներում հայտնված վազորդները: Անկախ ցուցաբերած արդյունքից՝ բոլոր մասնակիցները ստացել են հուշամեդալներ, որոնք, ի դեպ, պատրաստվել են Իսպանիայի Trofeos y Medallas Deportivas.S.L. հայտնի ընկերությունում: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել էր նաև թիմային երեք մրցանակ` ամենատարեց մասնակից թիմ, ամենաարագ թիմ և ամենալավ աջակից թիմերի համար: Հիշեցնենք, որ կիսամարաթոնից դեռ օրեր առաջ կազմակերպիչներն ստեղծել էին անվճար մարզման ակումբ ։
Մարզական այս միջոցառման անցկացման հիմքում նաև մայրաքաղաքում և հանրապետությունում մարզական տուրիզմը զարգացնելն ու Երևանում միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոններ կազմակերպելն էր, ինչպես նաև սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար մայրաքաղաքն ավելի գրավիչ դարձնելը` այդ կերպ  ամրապնդելով նաև նրանց կապը հայրենիքի հետ:

Սա տեղական, մասնավոր և միջազգային մարզական շարժումների և ընկերությունների հետ Երևանի  քաղաքապետարանի ակտիվ համագործակցության ևս մեկ դրսևորում էր: Ի դեպ, Երևանի կիսամարաթոնը բարեգործական բաղադրիչ էլ ուներ. 5 կմ վազքուղում մրցել են նաև հաշմանդամ վազորդներ։ Բացի այդ, կիսամարաթոնը պաշտոնապես սատարում է 4 բարեգործական ծրագրերի («Հայ մայրեր», «One Armenia», «Օրրան», «Բերդի շրջանում բազմազավակ ընտանիքներին գյուղատնտեսական օգնություն»)։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա ընկերությունը», գաղափարի կայացմանն աջակցել էին Ինեկոբանկը, Publicis Արմենիա, Բարրի, Բեստ Վեսթերն Կոնգրես և մի շարք այլ ընկերություններ ու Հայաստանի վազքի ակումբները։  Երևանյան կիսամարաթոնին մասնակցել են շուրջ 2000 վազորդներ`ավելի քան 30 երկրից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ