«Գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ դեֆոլտի վտանգի մասին:
«Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել մեր հանրության կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ հայտարարությունը բավական շատ քննարկվել է վերջին օրերին:
«Ինքը բացարձակապես մտադրություն չուներ խոսել այն համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել 4+4+4 համաձայնագրով: Իր ասածն ընտրական գործընթացին է բացառապես վերաբերում՝ ԿԸՀ վարկաբեկված կազմի նշանակմանը, ինչպես նաև Գյումրիի եւ Վանաձորի այն կեղտոտ, կոռումպացված ընտրությունների անցկացմանը, որոնք չեն նպաստում ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ համաձայնագրի շնորհիվ շտկել այս իրավիճակը, Զուրաբյանն ասաց.
«Եթե կան ինչ-որ միամիտներ, որ մտածում են համաձայնագիր ստորագրելով իշխանություններն այսուհետ լինելու են հրեշտակներ, որոնց միակ նպատակն է ՀՀ-ում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, պատրաստ եմ այդ միամիտներին հիասթափեցնել, նման բան չի լինի: Այդ համաձայնագրին գնացել ենք, որովհետև լուրջ քաղաքական ճնշումներ են եղել ընդդիմության քաղհասարակության կողմից, ուստի՝ մենք այս գործելաոճը պետք է շարունակենք»: