«Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա» /վիդեո/
«Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց՝ այդ կառույցի ներսում լուրջ խնդիրներ կան եւ, հավանաբար, դրանով էր պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու որոշումը»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Վերջինս շեշտեվց՝ կան ներքին տարաձայնություններ՝ տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրների միջեւ, որոնց նպատակներն ու խնդիրները տարբեր են՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսի ստանձնելուց հետո այդ տարաձայնություններն ավելի կընդգծվեն:
Քաղաքագետի խոսքով՝ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը այնպիսի գնահատականներ էր պարունակում, որոնք եղել են մինչեւ ապրիլյան պատերազմը, սակայն ապրիլից հետո իրավիճակ է փոխվել: Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Համենայնդեպս, տարածքներ հանձնելու մասին խոսք չկա, հստակ պայմաններ կան Ադրբեջանի առջեւ դրված, որոնք կատարելու դեպքում է միայն հնարավոր վերսկսել բանակցությունները»,-ասաց նա:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ Ֆրանսիան այդ կերպ փորձում է թուլացնել Թուրքիայի դիրքերը Արեւելքում եւ Հարավային Կովկասում. «Պաշտոնական Փարիզը հասկանում է, որ Ցեղասպանությունն այն գործոնն է, որը թույլ է տալիս սահմանափակել Թուրքիային եւ արգելքներ դնել նրա՝ ԵՄ անդամակցության հարցում»,-ասաց քաղաքագետը: