Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը. սիրով` Սեյրան Օհանյան /վիդեո/
“20-ամյան հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացմամբ, գալիք հաղթանակների հադեպ անխախտ հավատով եւ հույսով, որ Հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար: Սիրով` Սեյրան Օհանյան”:
Այս մաղթանքն էր գրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հեղինակած “Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն” գրքի օրինակների վրա: Գրքի առաջաբանը գրել է Զորի Բալայանը: Նրա խոսքով, Սեյրան Օհանյանի երկրորդ զենքն է ունեցել` գրիչը, որի արգասիքն այսօր տեսնում ենք:
“Բանակային գիրք չունենք, բայց իրոք դաստիարակվել է մի սերունդ, որը գնաց պատերազմ: Մենք արդեն ունենք մի սերունդ, որն այսօր բանակում, որի համար այս տարեգրությունը հաց է, ջուր է: Ես տեսա, թե ինչպիսի գրիչ ունի Սեյրան Օհանյանը հատկապես գործունյա ուղերձների հարցում: Ես տեսել եմ իր զրույցը զինվորների հետ, եւ ես ասեցի, որ դա պետք է գիրք դառնա”,-ասաց Զորի Բալայանը:
Գրքում ժամանակագրական ընթացքով ներկայացվում է Արցախյան ազատամարտի համառոտ պատմությունը եւ կանոնավոր բանակի ստեղծման ուղին: Ժողովածուում տեղ են գտել ՀՀ նախագահների ելույթներն ու հրամանագրերը, ՀՀ պաշտպանության նախարարների եւ մասնավորապես Սեյրան Օհանյանի ելույթները, գիտական հոդվածներն ու հատվածներ զինված ուժերի անձնակազմին պաշտպանության նախարարի ուղերձներից, հատվածներ հասարակության եւ լրագրողների հետ հանդիպումների ընթացքում ունեցած զրույցներից:
Լեգենդար Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքով, “մեր բանակը չեզոք պետությունները լավ գնահատական են տալիս, գիրքը մեզ կտա մեր զինվորական պատմությունը, մեր զինվորականները պետք է իմանան”:
Սեյրան Օհանյանի կարծիքով, այս տարեգրության ձեւավորմանը մասնակից ենք մենք բոլորս: “Իմ գործունեության ընթացքում ես մշտապես օգտվել եմ գրիչից,մատիտից թղթից, եւ սկսած 2000թ.-ից ես որդեգրել եմ այդ քաղաքականությունը”,-ասաց նա` ավելացնելով, որ այս գիրքը հիմնականում մեր անցած ճանապարհի վերագնահատման եւ վերաարժեվորման արդյունք է:
Նախարարի խոսքով, 20-ամյա բանակի պատմությունը մեր ժողովրդի պատմությունն է եւ մեր միասնության հաղթանակը: Սա հեղինակի երկրորդ գիրքն է եւ վրեջինը չէ: Սեյրան Օհանյանն ասաց, որ տարեգրությունը շարունակական է լինելու: