Վահագնը մինչ սպանվելը քնած է եղել.նոր մանրամասներ զինվորի սպանությունից
Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 15-ի առավոտյան, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացած 19-ամյա Վահագն Վիրաբյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ էր:
«Ծնողները Հայաստանում չեն, աշխատում են Ռուսաստանում: Վահագնը մինուճար տղա է: Հարգված ընտանիքի տղա: Իրենից մեծ երկու քույր ունի: Ցավը այն է, որ օրեր հետո պետք է զորացրվեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եղվարդի բնակիչ Արմանը:
Եղվարդում բոլորը սգում են, Վահագնի ընկերները ամեն տեղ սգո ժապավեններ են կապում:
Վահագնի հոգեհանիգիստ դեռ չի կայացել: Հարազատներն ու ընկերները զայրացած են.« Մեր իմանալով մինչև դիրք բաժանելը վիճել են: Հետո դիրքերում Վահագնը քնել է: Մարդասպան-զինվորը նրան արթնացրել է ու կետո կրակահերթ բացել մասնավորապես գլխի ուղղությամբ»,-պատմեց Արմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:
Կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները եւ թե ում է եղել այն ամրակցված։
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։