Երբ ԲՀԿ-ն կլինի ընդդիմություն. ինչու Դեմիրճյանը չէր գնացել Ծառուկյանի եկեղեցու բացմանը /վիդեո/
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չի մասնակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը առողջական խնդիրների պատճառով: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Հարցին` ինչով էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի և երկրորդ ու երրորդ նախագահների հանդիպումն այս վայրում, համերաշխության նշան էր արդյո՞ք, Դեմիրճյանը պատասխանեց. ՛՛Դա ինչ-որ համերաշխության դրսևորում չէր, մարդիկ գնացել էին` այդքանը՛՛:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. ՛՛Որևէ նոր բան չի հայտարարվել, սենսացիոն բան չկա, ե՞րբ է հայտարարել, որ ընդդիմություն է՛՛: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շփոթվե՞ց ԲՀԿ-ի առնչությամբ իր հաշվարկներում, պատգամավորը սրան էլ արձագանքեց.
՛՛ՀԱԿ-ի տեսակետների հետ կապված հարցերը ուղղել ՀԱԿ-ին: Ես խոսում եմ ՀԺԿ-ի անունից: Եթե խոսում են համագործակցության մասին, այն պետք է կոնկրետ լինի, համագործակցություն ԲՀԿ-ի հետ կա Ազգային ժողովում:
Մեր կուսակցությունը պատրաստ կլինի ավելի խոր համագործակցության, երբ ԲՀԿ-ը կլինի ընդդիմություն: Մենք ժամանակին ասել ենք, որ ընդդիմության գործունեությունը չի կարող լինել իշխանական ուժերի միջև եղած տարաձայնություններով: ԲՀԿ-ն եթե չի հայտարարել, որ ընդդիմություն է, դուք ինչո՞ւ եք այդ հարցով ինձ դիմում՛՛: