28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն. գյուղնախարար

Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար բաց դասի ժամանակ նշել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:

Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ եւ բաց դաս, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Պասկալ Միշոն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նախարարը ծանոթացել է կոլեկցիոն այգիներում կատարված աշխատանքներին: Խաղողի կոլեկցիոն այգու հիմնման համար  այստեղ հավաքագրվել է մոտ 280 սորտ Հայաստանի խաղողագործական բոլոր գոտիներից, բացառությամբ հյուսիս-արեւելյանի, իսկ ծիրանի այգում` 82 սորտ, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ։

Նախարարը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպությանը, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար` հավելելով, որ Հայաստանն ունի բավարար ներուժ  իր համեստ ներդրումն ունենալու պարենի ապահովության համաշխարհային խնդիրների լուծման հարցում`  տեղական ագրոարտադրանքի արտահանման միջոցով:

Այնուհետեւ նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքն ուղղել է Ագրարային համալսարանի ուսանողներին.

«Աշխարհը շատ արագ է փոխվում, փոխվում են բնակլիմայական պայմանները, եւ այս պարագայում միայն ասել, որ մենք ամենալավն եք, մեր ծիրանն ամենահամեղն է եւ դրանով բավարարել, ճիշտ չէ: Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն,  սելեկցիայի շնորհիվ սորտերը դարձնենք առավել բերքատու եւ դիմացկուն`  պահպանելով հայկական համային հատկանիշները:  Այս հարցում հատկապես կարեւոր է Ագրարային համալսարանի կադրերի մասնագիտական որակի ապահովումը, քանի որ այսօր աշխատաշուկայում ցավոք ունենք լավ մասնագետների պակաս: Օգտվեք այս հնարավորությունից, զարգացրեք Ձեր մասնագիտական գիտելիքները, որովհետեւ այժմ մենք գյուղատնտեսության զարգացման ծրագիր ենք մշակում, որը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ»,- մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ապագա ագրոնոմներին մաղթելով  հաջողություններ եւ հետաքրքիր կրթական տարիներ:

«Կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու համար ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը գտնում է, որ պետք է փոխել գյուղատնտեսության վարման եղանակները, դրանք համապատասխանեցնել կլիմայի փոփոխությանը։ Այսինքն, օգտագործելով նույն հողատարածքները նոր մոտեցմամբ եւ եղանակով, ստանալ ավելի շատ բերք, խնայողաբար օգտագործել բնական պաշարները, օրինակ՝ ջրային, կրճատել պարենի, սննդամթերքի կորուստները, խթանել ռեսուրսախնայող գյուղատնտեսության վարումը», – նշել  է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

Այնուհետեւ նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն եւ հանդիպում ունեցել աշխատակազմի հետ: Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման համար այս կենտրոնը մեծ կարեւորություն ունի եւ պետք է ծրագրեր իրականացնել դրա գործունեությունը խթանելու, զարգացման ծրագրեր իրականացնելու, եկամտաբերությունն ավելացնելու եւ գյուղացիների համար օգտակար դարձնելու ուղղությամբ:

Պարենի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 16-ին, որը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը 1945 թվականից ի վեր տոնում է որպես ՊԳԿ-ի հիմնադրման օր։ Այս տարի այն կրում է «Կլիման փոփոխվում է։ Գյուղատնտեսությունը եւ պարենը նույնպես պետք է փոփոխվեն» խորագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ