Նրանք իրար հետ խնդիր չունեն

”Երեք նախագահները վերջապես մի դաշտում տեղավորվեցին: Նախկինում իսկապես ամեն մեկն իր համար էր տոն նշում, եթե միջոցառում էր, ամեն մեկն իրենն էր անում, հիմա եթե նրանք բոլորով մի տեղ հավաքվել էին, դա ողջունելի է, այս կտրվածքով որևէ առարկություն չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բացմանը հրավիրվել էին ՀՀ երեք նախագահները: Իհարկե, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այնտեղ չէր, սակայն նրա փոխարեն կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն էր այնտեղ:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ հենց այս առիթով բոլորը հավաքվեցին մեկ վայրում, իսկ ազգային տոների ժամանակ նույնիսկ չեն ներկայանում առաջին ու երկրորդ նախագահները, Սաֆարյանը պատասխանեց, որ ՀՀ երեք նախագահներն, իր կարծիքով, առանձնապես տարաձայնություններ չունեն:
”Նրանք այդքան շատ տարաձայնություն չունեն, հավանաբար երևի հիմնական տարաձայնությունները երեք նախագահների միջև տնտեսական լծակների ազդեցության բաշխման մեջ է: Նրանք եղել են նույն թիմի անդամներ, մեկը մյուսին փոխանցել են իշխանություն, ես զարմանք էլ չեմ արտահայտում:
Ամբողջ խնդիրը նա է, որ նրանք խնդիր ունեն ժողովրդի հետ, նրանք իրար հետ խնդիր չունեն”: