28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումները (ֆոտո)

Հոկտեմբերի 13-ին «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, բարձրաստիճան հյուրեր, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:

Ցուցահանդեսի մեկնարկն ազդարարվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ելույթներով:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական, գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառմանն ու ներդրումների խթանմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ տեղ են զբաղեցնում նորարարական մշակումները, որոնք թույլ են տալիս փոխել մարտական գործողությունների վարման ձևերը, առավել բարձրացնել զինծառայողների անվտանգությունը: Ըստ այդմ՝ ցուցահանդեսի շրջանակում հիմնական շեշտադրումը դրված է բարձր տեխնոլոգիական լուծումների վրա: «Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբեռնետիկայի, ինֆորմատիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառներում: Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունենք բավարար ներուժ` պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Լիահույս եմ, որ ցուցահանդեսը կնպաստի նաև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը և միջոցառմանը մասնակցող պետությունների ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը:

Հայաստանի ռազմարդյունաբերությունն ունի համապետական մասշտաբով նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության կատալիզատոր դառնալու բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում բոլոր տեղական արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին և առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողներին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակները ուրվագծելու համար»,- նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացվող սպառազինությունների ցուցահանդեսը և դրա շրջանակում մասնակից պետությունների ու ձեռնարկությունների կուտակած փորձի փոխանակման հնարավորությունները նոր խթան կհանդիսանան հեռանկարային  սպառազինությունների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար, կնպաստեն ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ազգային ռազմարդյունաբերական համալիրների արտահանման ներուժի ընդլայնմանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող հայրենական և արտասահմանյան մի քանի տասնյակ ընկերությունների տաղավարներում ներկայացված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին: Քննարկվել են փոխշահավետ ծրագրային մի շարք առաջարկություններ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին է ներկայացվել նաև ռազմական նշանակության հայրենական արտադրատեսակների փակ ցուցադրությունը:unnamed-8 unnamed-9 unnamed-10 unnamed-11 unnamed-12 unnamed-13 unnamed-14 unnamed-15 unnamed-16 unnamed-17 unnamed-18 unnamed-19

«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիր կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին:

Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 13-ին մեկնարկել է նաև «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչները:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն «ArmHiTec-2016»-ի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ