«ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում Ծառուկյանի վերադարձի համար»
Օգտատեր Արման Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի հող նախապատրաստի Ծառուկյանի վերադարձի համար։ Հատկապես վերջին օրերին իրար հետևից լույս են տեսնում տարբեր հոդվածներ ու հրապարակումներ, որոնք տեղեկատվական արտահոսքերի կամ էլ վերլուծությունների տեսքով պարբերաբար ակնարկում են, որ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն ու անելու է դա ԲՀԿ պլատֆորմի վրա։
Զերծ մնալով հին խոսակցություններն ու մեղադրանքները ի մի բերելուց՝ այդուհանդերձ, ցանկանում եմ նշել, որ ի սկզբանե անիմաստ քայլ եմ դա համարում։ Բնավ չհանդիսանալով Ծառուկյանին ատողների բանակի ներկայացուցիչ՝ չեմ կարող չնշել, որ որպես քաղաքական գործիչ՝ Ծառուկյանն անելիք չունի Հայաստանում։ Անելիքը ո՞րն է, հմտություններ չունի, իսկ եթե հաշվի առնենք փետրվարյան իրադարձությունները, ինչպես նաև այնպիսի մանրուքը, ինչիպիսին է այն պարզ փաստը, որ այս գումարման ԱԺ-ում նրա՝ ներկա եղած օրերը մատերի վրա կարելի է հաշվել, ապա վերադարձի հեռանկարն առավել քան անտրամաբանական է թվում։
Թերևս միակ տրամաբանությունը նման քամբեքի համար կարող է ձեռնտու լինել իշխանություններին։ Ի վերջո մոտենում են ընտրությունները, և չի բացառվում, որ ավելի մեծ մասշտաբով կրկնվի Վանաձորի ու Գյումրու ՏԻՄ ընտրությունների սցենարը, երբ բռի ընտրակեղծարարության փոխարեն՝ կիրառվեց ընդդիմության ջլատման ու բազմաթիվ հավասարազոր ընդդիմադիր ուժերի ասպարեզ թողնելու պրակտիկան, երբ նրանք փոշիացնում են իրենց ռեսուրսն ու էլեկտորատը՝ իրար դեմ մրցելով։ Այս համատեքստում Ծառուկյանի վերադարձը որոշակի տրամաբանություն ունի, որովհետև թեկուզ ոչ ՀՀԿ-ական, բայց վերահսկելի Ծառուկյանն ավելի նախապատվելի է, քան անվերահսկելի ու արմատական ընդդիմությունը»: