Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ:
«Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայություն է և անգամ կարող է բնորոշվել որպես “հակա-coup d’état”՝ լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երակարաձգումներ, հազարավոր կասկածյալների, ներառյալ լրագրողների և մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության սասանում, ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում և այլն: Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի և Բրյուսելի համար:
Կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունը այն ամենի միջև, ինչ արեցին 1980 թ. պետական հեղաշրջման իրականացնողները և նրա, ինչ անում է Էրդողանը վերջերս: Թուրքիայից եկող լուրերը ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները. Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, <արևմտյան իմպերիալիզմի> գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում էին: Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով <գյուլենական շարժումը> ատալինյան <արևմտյան իմպերիալիզմի փոխարեն>, մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ինչ է իրենից ներկայացնում այդ շարժումը և ինչպես էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմից:
Ինչ էլ արտգործնախարար Չավուշօղլուն երեկ չասեր այստեղ, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության ևս մեկ ապացույց են: Ավելին, աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, ցանկության բացակայությունը ապաշրջափակման ենթարկել Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանը և միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նրա՝ աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն և ցցուն վկայություններ են, զուգահեռաբար, Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փասխստականներին վերածելով քաղաքական գերեվարվածների՝ շանտաժի ենթարկելու Եվրոպային:
Հարգելի գործընկերներ,
Թուրքիայում ժողովրադավարության իրավիճակի քննարկումը այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարևանությամբ անվտանգության հարցերի քննարկում: Մենք քաղաքական մարմին ենք, և մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ի՞նչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը:
Շնորհակալություն»: