՛՛Ժառանգության՛՛ արձագանքը Նաիրա Զոհրաբյանին
”Մեր նման չեն կարող լինել, որովհետև Գագիկ Ծառուկյանն արդեն ասել է, որ իրենք ընդդիմություն չեն, այսինքն` եթե իրենք ընդդիմություն չեն, էլ ի՞նչ համեմատության եզր կարող են ունենալ մեզ հետ, դա նույնն է, ինչպես տանձը խնձորի հետ համեմատես”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը:
Հարցին, որն է ԱԺ ԲՀԿ քարտուղարի անվանական հարձակման նպատակը, Սաֆարյանը պատասխանեց. ”Ես չգիտեմ` նպատակը որն է: Սակայն ովքեր են իշխանության բարեհաճությունից օգտվում, ժողովուրդն արդեն տեսել է, և հետևաբար, ես կարծում եմ, որ Նաիրա Զոհրաբյանի խոսքերի հասցեատերը հաստատ ”Ժառանգությունը” չէ:
”Ժառանգությունը”, եթե բարեհաճություններից օգտվեր, ամենահամարձակ խոսքը չէր ունենա, որովհետև որևէ մեկը ոչ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված է, ոչ ատկատներում ներգրավված է, այսինքն` միգուցե Նաիրա Զոհրաբյանի ասածը տարածվի որոշ ընդդիմադիր գործիչների կամ ուժերի վրա, բայց ոչ ”Ժառանգության” վրա”:
Ինչ վերաբերում է Զոհրաբյանի ասածներին` ”Մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ”, Սաֆարյանն ասաց.
”Ես մի փոքր զարմացած եմ, որ կարող է Ծիծեռնակաբերդի թեման այդպես հեգնանքի առարկա դառնալ, Ծիծեռնակաբերդը նրա համար չէ միայն, որ ապրիլի 24-ին դեմքի լուրջ արտահայտությամբ գնանք, հարցազրույցներ տանք ու այդպես հիշատակենք:
Այնտեղ կարելի է գնալ ու պետք է գնալ այն ժամանակ, երբ հոգիդ ուզում է: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը որոշեց, որ ժողովրդի հետ միասին պետք է գնա Ծիծեռնակաբերդ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե այլոք տեսնում են, ապա դա այլ խոսակցության թեմա է”:
”Ժառանգության” անդամը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միակ քաղաքական գործիչն էր և ”Ժառանգությունն” էլ միակ կուսակցությունն է, որը հասարակությանը չտարավ առճակատման: ””Ժառանգությունը” տեսավ ռեալ վտանգը ու ետ քայլ կատարեց, ինչպես և իշխանությունը ետ քայլ կատարեց, ես դրանում պախարակելու ոչինչ չեմ տեսնում”:
Հիշենենք, որ Զոհրաբյանն իր հարցազրույցում ասել է.
”Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ` կախված իշխանական տարբեր հոսանքներից:
Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը ժողովրդին մի բան է ասում, բայց իշխանական կուլիսներում շրջելուց հետո` տրամագծորեն հակառակ քայլեր անում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ: Մենք չենք պատրաստվում լինել նաեւ Դավիթ շահնազարյանների, Արամ սարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն”: