Աշոտյանն ուրիշ է
Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: “Ապագան կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի ապագա չունի: Ամիսներ տևած օլիմպիադան գրանցեց իր հաջողությունը:
Սա գրքին մերձենալու հաջողված առիթ էր: Մեր աշակերտներն ապացուցեցին, որ ժամանակակից հայ երեխան գիրքը համակարգչով չի փոխարինում և, բացի հեռակառավարման վահանակից և համակարգչից, սիրով նաև գիրք է բացում ու կարդում:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոռետեսական կանխատեսումները՝ “գրքի մահանալու” մասին, մինչդեռ ես վստահ եմ, որ դա այդպես չէ, քանի որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր գիրքը մշտապես իրենց ձեռքում են պահում,- նշել է նախարարը և հավելել,- չեմ թերագնահատում տեխնոլոգիական առաջընթացը: Ինքս լինելով տեղեկատվական միջոցների ակտիվ օգտատեր՝ մշտապես ունեմ գիրք կարդալու մեծ ցանկություն, քանի որ վստահ եմ՝ գրքով կարդացածն ուրիշ է”:
“Ընթերցման” օլիմպիադայի առաջին փուլը կայացել է նոյեմբերին, որին մասնակցել են շուրջ 10 հազար աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից: Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ մասնագիտական մրցատյանի կողմից ընտրվել են հաղթողները:
“Ընթերցման” օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Ժյուրիի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ եզրափակիչ փուլում երեխաները նախ ընթերցել են իրենց նախընտրած ստեղծագործությունը, այնուհետև արդեն՝ ժյուրիի կողմից առաջարկված ստեղծագործությունը:
Հաղթող է ճանաչվել Մարիա Նավասարդյանը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Սաթենիկ Միրաքյանն ու Ալեն Սարգսյանը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Հաղթողը ստացել է Հռոմ մեկնելու ուղեգիր՝ ծնողներից մեկի ուղեկցությամբ:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների և “Անտարես” հրատարակչության կողմից: Նախաձեռնությանը աջակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ:
Մրցանակներ են ստացել նաև եզրափակիչ փուլին մասնակցող երեխաների դպրոցները: Կազմապերպիչների խոսքով՝ “Ընթերցման” օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է եղել: