“Եվրատեսիլի” առաջին կիսաեզրափակչի հաղթողները /վիդեո/
Շվեդական Մալմյո քաղաքում նախօրեին տեղի ունեցավ “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որը մեկնարկել է նախորդ տարի “Եվրատեսիլի” հաղթող շվեդ երգչուհի Լորինի “Euphoria” երգով: Ելույթին մասնակցել են Մալմյոյի հատուկ դպրոցի 68 խուլուհամր երեխաներ:
Առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կիպրոսի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Դանիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Ավստրիայի եւ Բելգիայի մասնակիցները:
Եզրափակիչ են դուրս եկել Ռուսաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Բելգիայի, Ուկրաինայի եւ Նիդերլանդների մասնակիցները: Ավանդաբար առանց կիսաեզրափակիչ փուլերին մասնակցելու եզրափակչում են լինում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի, ինչպես նաեւ մրցույթն այս տարի հյուրընկալող երկրի` Շվեդիայի մասնակիցները:
Հայաստանը ներկայացնող “Դորինաս” խումբը ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիս 18-ին: