22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում

Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվեց այդ գործընթացում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը: 

Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի  մոտեցումները:

Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ  ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները եւ ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության եւ այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ 

Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների եւ վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի ունեցավ շահագրգիռ եւ հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ