«Մենք չենք զգում որևէ ճնշում Թուրքիայի կողմից». Բունդեսթագի փոխխոսնակի հարցազրույցը Henaran.am-ին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի խոսքով` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի կողմից Գերմանիայի վրա ճնշումներ չկան. «Ոչ, մենք չենք զգում որևէ ճնշում, և հնարավոր չէ ճնշում գործադրել մեզ վրա` որպես գերմանական խորհրդարանի ու նրա ներկայացուցիչների»,-խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
«Մենք որոշել ենք, որովհետև դա էր ճիշտը, և մենք հիմա այստեղ ենք, և այդ որոշումից հետո սա գերմանական խորհրդարանի անդամների առաջին հայցն է հայոց խորհրդարան: Մենք Հայաստանում ենք, Երևանում ենք, և սա նաև ցույց է տալիս, որ սա նշան է միասին ունենալու քաղաքականություն խաղաղության պայքարի համար, և եթե մենք ուեննանք դա, կարող ենք հասնել խաղաղության, չունենալ այն, ինչը պատահեց պատմության մեջ: Դա մեկ քայլ առաջ է խաղաղության հասնելու համար»,-հավելեց պարոն Զինգհամմերը:
Նա շեշտեց, որ անցյալի պատմական իրողություններին պատշաճ անվանում և գնահատական տալը բոլորի պարտքն է: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ գերմանացի խորհրդարանականն ընդգծեց, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված քաղաքականությամբ և համատեղ ուժերով հնարավոր է ձեռնարկել միջոցներ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:
Հարցին, թե ինչպիսի տպավորություններ ունի հայոց խորհրդարանից, Յոհաննես Զինգհամմերը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ինտենսիվ զարգացում կա 2 խորհրդարանների միջև, մեր շատ գործընկերներ այցելում են միմյանց, և իմ կոլեգաներից մեկը այստեղ էր 8 շաբաթ առաջ: Սա անհրաժեշտ ու կարևոր է, և մենք խորհրդրանականներ ենք, այստեղ էլ են խորհրդրանականներ, ու մենք ժողովրդավարության կառուցման համար առաջին հզորությունն ու ուժն ենք: Կարծում եմ, որ լավ գաղափար է համագործակցություն ապահովել գերմանական ու հայաստանյան խորհրդրանների միջև»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են անհարթ մնալ: Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականների մուտքը «Ինջիրլիկ» ռազմակայան, որտեղ մոտ 250 գերմանացի զինծառայողներից բաղկացած զորախումբ է տեղակայված:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Գերմանիան «Ինջիրլիկ»-ը հիմնականում օգտագործում է Tornado տիպի հետխուզական օդանավերի թռիչքների համար: Թուրքիայի կառավարությունն ասել է, թե ռազմակայան կթույլատրի մուտք գործել միայն զինվորականներին: