Պրիմիտիվ գողությունը շարունակվում է. Ժողովուրդ
Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին տպավորիչ հայտարարությունը, որ հնչեցրեց, կառավարական «գողերին էր վերաբերվում»։ Նա ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին կոչ արեց «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»։
Բայց քանի որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կառավարության նիստերին չի մասնակցում, ականջալուր չի եղել Կարեն Կարապետյանի հանրահայտ հայտարարությանը։ Թերթին հայտնի դարձավ, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է «Ավա բիլդինգ» ընկերությունը, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ։
Եւ պարզվում է, որ նշված ընկերությունը պատկանում է Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին։ Այսինքն՝մարդիկ այնքան «պրիմիտիվ» են, որ քաղաքապետարանի վերանորոգման համար պայմանագիր են կնքում իրենց իսկ ընկերության հետ եւ համայնքի միջոցները փոխանցում այդ ընկերությանը՝ կարծելով որ ոչ ոք այդ մասին չի իմանա։
Ինչեւէ։ Թերթը Վաչագան Ադունցից հետաքրքրվեց, թե չի կարծում, որ իրեն պատկանող ընկերությանը շինարարական աշխատանք պատվիրելը պաշտոնական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու ուղղակի դրսեւորում է։
«Ես իմ անձնականի համար երբեւէ պետական միջոցները չեմ օգտագործել։ Մրցույթը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան»,-վստահեցրեց քաղաքապետը։ Բայց զավեշտալին այն էր, որ նա փորձեց հերքել «ժողովուրդ»-ի տեղեկությունը, թե «Ավա բիլդինգ» ընկերության հետ կապ ունի։ «Միայն հիմնադիրն եմ։ Բարեկամ չունեմ այնտեղ աշխատող»,-հիմնավորեց ընկերության սեփականատեր քաղաքապետը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: