28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վանի Աղթամար կղզու այցելուները միայն սակավաթիվ հայերն են

Վերջին երկու տարում Թուրքիայում տեղի ուենցող զինված բախումների և ահաբեկչական հաճախակի գործողությունների հետևանքով երկրում մեծապես տուժել է հատկապես զբոսաշրջության ոլորտը:

Թուրքական «Haber Van» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս բացասական ազդեցությունից անմասն չի մնացել նաև Վանի նահանգը և մասնավորապես Գևաշ շրջանը, որի տարածքում է գտնվում Վանա լճի Աղթամար կղզին: Շրջանում գործունեություն ծավալող «Աղթամար» ռեստորանի սեփականատեր Իբրահիմ Ալքանը պատմել է, որ մինչ 2015թ. զինված բախումները կղզու տարածք էին այցելում մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ:

«Նախկինում այստեղ գալիս էին գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, իսպանացի և հատկապես ճապոնացի զբոսաշրջիկներից կազմված բազմաթիվ խմբեր: Բայց ցավոք, հուլիսից հետո Եվրոպայից կամ Հեռավոր Արևելքից ոչ մի զբոսաշրջիկ այս կողմեր չի եկել: Միայն հայեր կան, այն էլ՝ շատ քիչ թվով: Զբոսաշրջիկների թիվը չի հասնում անցյալ տարվա նույնիսկ մեկ տոկոսին», – նշել է Ալքանը:

Ալքանը անդրադարձել է նաև Աղթամարի հայկական եկեղեցում անցկացվող պատարագին, որը հայտնի դեպքերի պատճառով 2015թ. և 2016թ. չեղյալ է հայտարարվել: Նա նշել է, որ տարին մեկ անգամ իրականացվող այդ պատարագը կարևոր դրական նշանակություն ուներ տեղի տնտեսության համար:

Ռեստորանի սեփականատերը ընդգծել է, որ պատարագի օրը սովորաբար կղզի էր այցելու շուրջ 7-8.000 զբոսաշրջիկ: Մինչդեռ ահաբեկչական գործողությունների պատճառով շրջանը ներկայումս գրեթե այցելուներ չունի:

Իսկ Վանում մոտորանավակներով ու նավերով զբոսաշրջիկների տեղափոխումն ապահովող ընկերության տնօրեն Մեսութ Ավջըն  նշել է, որ այս տարի զբոսաշրջային սեզոնի բացումից հետո կղզի է այցելել ընդամենը 100 զբոսաշրջիկ: Նրանք էլ, ըստ էության, զբոսաշրջային ընկերությունների սեփականատերեր են, որոնք եկել էին տարածքն ուսումնասիրելու և հնարավոր ծրագրեր մշակելու: Սակայն այդ գործարարները չեն համարձակվել գործունեություն ծավալել այստեղ:

Ավջըն ևս նշել է, որ Աղթամարի հայկական եկեղեցում իրականացվող պատարագը տնտեսական տեսակետից շատ լավ  հնարավորություն էր տեղի գործարարների համար: Նա ընդգծել է, որ պատարագի օրերին իրենք նույնիսկ չէին հասցնում սպասարկել զբոսաշրջիկներին, քանի որ նրանց թիվը չափազանց մեծ էր:

«Պատարագի ավարտից հետո էլ այստեղ լեփ-լեցուն էր: Քանի որ մարդիկ հետաքրքրվում էին, ուզում էին տեսնել: Իսկ հիմա ոչ ոք չկա: Ոչ միայն զբոսաշրջության տեսակետից, այլև ժողովրդի հանգստության համար ցանկանում եմ, որ այս դեպքերն ավարտվեն: Պաշտոնյաներին ուղղված միակ կոչս այն է, որ խաղաղություն լինի», -ասել է նա:

Գևվաշի քաղաքապետ Սինան Հաքանն էլ նշել է, որ Գևվաշն ու հատկապես Աղթամար կղզին Վանի զբոսաշրջայի կենտրոնն են հանդիսանում: «Վան եկող յուրաքանչյուր 100 տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներից  99-ը այստեղ է գալիս Աղթամարի համար», -պատմել է Հաքանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ