Աուտիզմով հիվանդ Ալիկի հետ Ռուզաննան ապրում է նկուղում /վիդեո/
Ռուզաննա Գրիգորյանը ծնված օրից հաշմանդամ ու բազմաթիվ հիվանդություններով տառապող 17 ամյա որդու և հաշմանադամ, անկողնային հիվանդ մորաքրոջ հետ ապրում է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանի նկուղում:
«Տղաս մի կերպ է քայլում, տառապում է աուտիզմով, էպիլեպսիայով, երևանյան հիվանդությամբ…մորաքույրս էլ մանկուց հաշմանդամ է ու անկողնուն գամված: Ես կորցրել եմ ինձ ու չգիտեմ ոնց ապահովեմ նրանց սնունդը ու ապրելու տարական պայմաններ ստեղծեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուսահատված կինը:
Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ գոյատևում են միայն կենսաթոշակով և աղքատության համար սահմանված նպաստով, սակայն երբեմն տղայի մոտ խնդիրները սրվում են և անելանելի իրավիճակ է ստեղծվում:
«Պարտքերի մեջ կորած եմ,չգիտեմ ինչ անեմ: Ամեն գործ պատրաստ եմ անել, սակայն տղայիս չեմ կարող մենակ թողնել: Էպիլեպսիայի նոպաները որ սկսվում են սարսափելի է լինում: Նրա ուղեղը 5 տարեկանից հետո չի զարգացել»,-նշեց Ռուզաննան հավելելով, որ միայնակ մայր է ու իր համար միշտ էլ դժվար է եղել:
Ռուզաննա Գրիգորյանի որդին՝ Ալիկը կարճ ժամանակով սովորել է հատուկ դպրոցում.« Սակայն ուսուցչուհին ծեծել էր ու իր մոտ ահվոր վախ կա: Հենց լսում է դպրոցի մասին՝ վատանում է: Իրեն թվում , թե տիկին Սուսաննան ամենուր է»,-պատմեց Ռուզաննան:
Ռուզաննա Գրիգորյանը ակնկալում է հասարակության աջակցությունը: Նա ընդամենը ուզում է, որ որդին քաղցած չլինի և մի քիչ հարմարավետ անկյուն ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում: