Սա ծաղր է… ազատամարտիկները վարձկաններ չեն
_1368518063.jpg)
՛՛Ազատամարտիկները իրենց տարրական սոցիալական իրավունքների պաշտպանությունն են ակնկալում: Ազգի, հայրենիքի, մարդկանց ազատության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած մարդիկ արհամարհվում են, մարդն արժեք չի այստեղ:
Քանի որ սա հակազգային պետություն է, պիտի ազգի արժանապատվության համար իրենց զոհաբերած մարդիկ էլ այսպիսի վերաբերմունքի արժանանան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պահեստազորի գնդապետ, ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Վարուժան Ավետիսյանը՝ ներկայացնելով արդեն չորրորդ օրը Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների պահանջները:
Նա նշեց, որ ազատամարտիկները խնդիր ունեն կենսաթոշակի հետ կապված, որը 40-50 հազարի է հասնում: ՛՛Սա ծաղր է, նույնիսկ իմաստ չկա խոսել, թե արդյոք այսքանով կարելի է գոյատևել՛՛,-ասաց Ավետիսյանը` հավելելով, որ այս խնդիրները լուծելու համար հարկ է արմատապես վերանայել սոցիալական պաշտպանության համակարգը:
Հարցին, թե նման վերաբերմունքից հետո պատերազմի դեպքում նախկին ազատամարտիկները կրկին կպաշտպանե՞ն հայրենիքը, Ավետիսյանը պատասխանեց. ՛՛ Կառավարող վերնախավն ընդհանրապես չի սիրում իր զինվորներին , ինչ-որ տեղ նաև ատում է: Մենք հիմա գտնվում ենք այն վիճակում, ինչ վիճակում Կարսն անկումից առաջ:
Շատ մեծ է վտանգը, որ պաշտպանական համակարգի կառավարումը կկազմալուծվի, եթե լուրջ վտանգ սպառնա մեզ, մեծ մասը կփախչեն, մեծ մասը իր անկարողության առումով ոչինչ չի կարողանա անել՛՛: Զինվորականն ընդգծեց, որ ազատամարտիկների պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ ՛՛ազատամարտիկների հետ վարվում են վարձկանների նման՛՛:
՛՛Դա միտումնավոր քաղաքականություն է, զինծառայողը վարձկան չէ, նրանք ասում են՝ ՛՛փաստորեն երբ մենք պետք ենք, մեզ ինչ-որ չափով տանելի գումար տալիս եք, երբ այլևս պիտանի չենք, մեզ փշրանքներ եք նետում, վարձկանների նման եք վերաբերում՛՛ ՛՛,- նշեց Ավետիսյանը:
Նա հույս ունի, որ կառավարությունը ինչ-որ չափով կլուծի այս խնդիրը, որոշ մարդկանց կհորդորի տուն վերադառնալ, սակայն խնդիրն արմատապես չի լուծվելու: